
Էրդողանը ԱՄՆ-ին մեղադրել է աշխարհը տնտեսական պատերազմի մեջ ներքաշելու փորձերի համար

ԱՄՆ-ի կառավարությունն ավելի ու ավելի է աշխարհը ներքաշում տնտեսական պատերազմի մեջ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Frankfurter Allgemeine Zeitung թերթի համար գրած իր հոդվածում: Էրդողանի կարծիքով՝ Թուրքիան եւ Գերմանիան պետք է մյուս երկրների հետ համատեղ կանխեն քայքայիչ առեւտրական հակամարտությունները:
«ԱՄՆ-ի կառավարության ներկայիս միակողմանի ու անպատասխանատու մոտեցումն ավելի ու ավելի է մեր աշխարհը ներքաշում անխնա տնտեսական պատերազմի մեջ, որը վնաս կհասցնի բոլոր մասնակիցներին»,-նշել է Թուրքիայի ղեկավարը:
Էրդողանը սեպտեմբերի 27-ին պետական այցով Գերմանիա է ժամանելու ԳԴՀ-ի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հրավերով: Սեպտեմբերի 28-ին եւ 29-ին պլանավորված են նրա բանակցությունները կանցլեր Անգելա Մերկելի հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: