Ո՞վ է ֆուտբոլի ազգային հավաքականը գխավորելու հիմնական թեկնածուն
Օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրաժարական է ներկայացրել, որն ընդունվել է ՀՖՖ արդեն նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից:
Այս լուրը երկրպագուներից շատերի համար սպասելի էր՝ հաշվի առնելով հավաքականի վերջին հանդիպումները: Սակայն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արթուր Վանեցյանի խոսքով՝ Վարդան Մինասյանի հրաժարականը անսպասելի էր, և իրենք դեռևս չունեն մարզչի մեկ տարբերակ: Առաջիկա օրերի ըթացքում պետք է ներկայացվի հավաքականի գլխավոր մարզչի թեկնածուն:
Խոսակցություններ են պտտվում, որ հավաքականի ղեկը կարող է ստանձնել իտալացի մարզիչ Ջիանի դե Բիազին: Ըստ խոսակցությունների՝ Բիազին պետք է ժամանի Հայաստան՝ քննարկելու գործարքի մանրամասները: Բիազիի թեկնածությունը քննարկվում էր դեռևս նախորդ տարի՝ Ազգերի լիգայի մեկնարկից առաջ:
Ո՞վ է Ջանի դե Բիազին
Բիազիին ֆուտբոլային վերլուծաբաններն անվանում են հասարակ թիմերին նոր մակարդակի հասցնելու մասնագետ: Ալբանիային Եվրո-2016-ի եզրափակիչ դուրս բերելուց հետո ալբանացիները Բիազիին դարձրել են հերոս:
Բայց սկսենք սկզբից: 62-ամյա մասնագետը իտալացի նախկին ֆուտբոլիստ է, ով 2011-2017 թվականը գլխավորել է Ալբանիայի հավաքականը:
Դե Բիազին, որպես կիսապաշտպան, սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան «Ինտերում»: Սակայն գլխավոր թիմի խաղացողի կարգավիճակում նա հանդիպում չի անցկացրել և 1975 թվականին վարձակալական հիմունքներով տեղափոխվել է «Ռեջանա»՝ Սերիա C-ն ներկայացնող ակումբ: Մեկ տարի անց նա տեղափոխվել է «Պեսկարա»: 1977-1990 թվականները դե Բիազին իրեն փորձել է տարբեր իտալական ակումբներում, սակայն այդպես էլ չի խաղացել Սերիա A-ում:
Դե Բիազին մարզչական կարիերան ևս սկսել է իտալական ակումբներում: 1997/98 թվականներին նա հաղթել է Սերիա C1-ը, իսկ 2000/01 թվականին՝ Սերիա C-ն:
Հետո սկսվել է դե Բիազիի բավականին հաջող աշխատանքը Ալբանիայի հավաքականի հետ: Ոչ բոլորն են այդպիսի մեծ հաջողության հասնում, ինչպես իտալացի հայտնի մարզիչը: Ոմանց համար համեստ հաջողությունները ժամանակին Ալբանիայի հավաքականի համար հրաշք էին: Ալբանիայի ազգային հավաքականն առաջին հերթին հաղթանակ տարավ Պորտուգալիայի նկատմամբ ընտրական մրցաշարում, իսկ հետո հնարավորություն ստացավ ելույթ ունենալ Եվրոպայի առաջնությունում: Ի դեպ, Եվրոպայի առաջնությունում խաղալու համար ալբանացիները պետք է Հայաստանում հաղթեին հայկական ընտրանուն և զբաղեցնեին 3-րդ հորիզոնականը խմբում: Հանդիպումն ավարտվեց 0:3 հաշվով, և Ալբանիան նվաճեց բաղձալի ուղեգիրը:
Հայաստանի հավաքականի հետ խաղից առաջ Բիազին նշել էր, որ Հայաստանի հավաքականը շատ բարդ մրցակից է, ում դեմ հեշտ չի խաղալ ոչ մի մրցակցի: Իտալացի մասնագետը նշել էր նաև, որ Հայաստանի հավաքականը մոտակա տարիներին կունենա մեծ մրցաշարում խաղալու հնարավորություն:
«Լեռնային արծիվների» գլխավոր մարզիչ Ջիանի դը Բիազիի այժմ գրեթե ազգային հերոս է Ալբանիայում: Եվրոպայի առաջնությանը մասնակցելու իրավունքի համար նա արժանացել է Պատվո շքանշանի: Մեկ տարի առաջ նա ստացավ Ալբանիայի քաղաքացիություն՝ պահպանելով նաև Իտալիայի քաղաքացիությունը:
2017 թվականին Բիազին հայտարարեց, որ ժամանակն է հեռանալու, քանի որ ինքն ունի նոր մարտահրավերների կարիք: Նույն թվականին իտալացի մասնագետը գլխավորեց իսպանական «Ալավեսը», սակայն հեռացվեց նույն տարվա նոյեմբերին:
«Ժամանակն է՝ նոր մարտահրավերներ փնտրել, դա բնական գործընթաց է: Ամեն ինչ ունի իր սկիզբն ու ավարտը»,- նշել էր դե Բիազին Ալբանիայի հավաքականից հեռանալուց հետո:
Ստացվում է, որ մինչև այժմ Բիազին դեռ չի գտել իր նշած նոր մարտահրավերները: Գուցե դա լինի Հայաստանի հավաքականին Ազգերի լիգայում հաջողության հասցնե՞լը:
Սիրարփի Աղաբաբյան