«Ներհայաստանյան գործընթացները և դրանց աշխարհի արձագանքը հստակ ցույց են տալիս, թե ինչու է հարևան երկրի նախագահը նյարդայնանում». Տիգրան Բալայան
ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Թվիթեր»-ի միկրոբլոգում կատարած գրառմանը, թե «միջազգային դիտորդների դրական արձագանքը Հայաստանի Հանրապետությունում կայացած նոր ընտրություններին պետք է հերքվի»:
«Հայաստանում տեղի ունեցող գործընթացները և դրանց աշխարհի արձագանքը հստակ ցույց են տալիս, թե ինչու է հարևան երկրի նախագահն այդքան նյարդայնանում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Տիգրան Բալայանը:
Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևը «Թվիթեր»-ի իր էջում գրառում էր կատարել, որով քննադատել է Երևանի ավագանու ընտրություններին միջազգային դիտորդների տված դրական գնահատականը՝ այն դեպքում, երբ ընտրությունները դեռ չէին կայացել և դրանց վերաբերյալ որևէ արձագանք դեռևս չէր հնչել:
«Միջազգային դիտորդների դրական արձագանքը Հայաստանի Հանրապետությունում կայացած նոր ընտրություններին պետք է հերքվի»,- «Թվիթեր»-ում սեպտեմբերի 22-ին կատարած գրառմամբ նշել է Ալիևը: Երևանի ավագանու ընտրությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 23-ին:
Ավելի ուշ Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին անդրադարձել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Հայաստանում վերջերս տեղի ունեցած իշխանության խաղաղ փոխանցումը համարել է նման հարցերը կարգավորելու ֆանտաստիկ օրինակ: Գուտերեշը նման կարծիք է հայտնել «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում օգտատերերի հարցերին պատասխանելու ընթացքում:
«Մենք վերջերս ունեցանք իշխանությունը խաղաղ փոխանցելու ֆանտաստիկ օրինակ, որը տեղի ունեցավ Հայաստանում: Դա ֆանտաստիկ օրինակ է, որը խոսում է այն մասին, որ պատճառներ կան հավատալու, որ նոր սերունդն ընդունակ կլինի ավելի լավ որոշումներ կայացնել, քան իմ սերունդը»,- ասել է Գուտերեշը: