Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտոր Ջին դի Բլոքն այցելեց Հայաստանի ամերիկյան համալսարան
Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտոր Ջին դի Բլոքը, գաստրոէնտերոլոգ, ռեժիսոր, բարեգործ Էրիկ Իսրայելյանը և ՀԲԸՄ նախագահ Վազգեն Յակուբյանը ճանաչողական այցով Հայաստանի ամերիկյան համալսարանում էին:
Էրիկ Իսրայելյանի խոսքով՝ նրանք Հայաստան են ժամանել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով` քննարկելու կրթական հաստատությունների միջև հնարավոր համագործակցությունը:
«Ուրախ ենք Հայաստանում տեսնել եռանդ դեպի կրթությունը և ծանոթանալ Հայաստանի ապագայի հեռանկարներին: Մենք պետք է օգտագործենք բոլոր հնարավոր ուժերը համագործակցության գնալու համար ու կամուրջներ կառուցենք ԱՄՆ-ի և բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Էրիկ Իսրայելյանը:
Ջին դի Բլոքը, Էրիկ Իսրայելյանը և Վազգեն Յակուբյանը ՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանի ուղեկցությամբ շրջեցին համալսարանում, ծանոթացան վերջինիս ստեղծման պատմությանը, էլեկտրոնային մեծածավալ գրադարանին, ձեռնարկատիրության և արտադրանքի նորարարության կենտրոնին (EPIC center): Այնուհետև տեղի ունեցավ հանդիպում ՀԱՀ-ի ռեկտորի, դեկանների, ամբիոնի վարիչների և հյուրերի միջև, որի ժամանակ համալսարանի ներկայացուցիչները պատմեցին համալսարանի բաժինների և դրանց ընձեռած հնարավորությունների մասին: