ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի մեկնաբանությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ
ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի մեկնաբանությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, մեկնաբանության մեջ ասվում է.
Վերջին շրջանում Ադրբեջանը շարունակաբար գնդակոծում է հայ-ադրբեջանական պետական սահմանը՝ թիրախավորելով և վնաս հասցնելով դրա երկայնքով գտնվող բնակավայրերին, քաղաքացիական հաստատություններին և խաղաղ բնակչությանը։
Այսօր ադրբեջանական կողմի կրակոցներից Հայաստանի Տավուշի մարզում զոհվել է ՀՀ զինծառայող, շարքային Հայկազ Մաթևոսյանը։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհվածի ընտանիքին, հարազատներին և ծառայակիցներին ու վստահեցնում, որ շարունակելու ենք վճռականորեն աշխատել խաղաղության հաստատման ուղղությամբ։
Բաքվի կողմից իրավիճակի լարմանը միտված գործողությունները, զուգակցվելով ռազմատենչ հռետորաբանության հետ, խաթարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ու միջազգային հանրության կողմից խաղաղությանը նպաստող մթոնլորտի ձևավորմանն ուղղված ջանքերը:
Խստորեն դատապարտելով Ադրբեջանի քայլերը՝ միջազգային հանրության՝ առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ուշադրությունն ենք հրավիրում իրադրության հետագա սրումը կանխելու նպատակով Բաքվին սանձելու և կառուցողական դաշտ բերելու հրատապ անհրաժեշտության վրա։