Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը համայնքներում քրեական տարրեր է բացահայտել ու դիմել Դատախազություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտահղացմամբ «Իմ քայլը Տավուշի համար» միջոցառման արդյունքներով Տավուշի մարզում հիմնվելու է նմանը չունեցող անասնաֆերմա և տեքստիլ արտադրություն։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։

Ըստ նրա՝ Մոսվսես գյուղի 2 բնակիչներ, որոնք այժմ ապրում են Ռուսաստանում, խոստացել են 200 հազար դոլար ներդրում կատարել գյուղ տանող ճանապարհի վերանորոգման համար։ Նախարարը նշեց, որ եղանակային պայմանները թույլ չեն տա ծրագիրն այս տարի իրականացնել, սակայն այն անպայման կարվի։

Ս.Պապիկյանն առաջնահերթ համարեց, որ ներդրողները պատկերացում ունենան ՀՀ-ում ներդրումների հնարավորությունների մասին, և նշեց, որ այդ նպատակով ստեղծվելու է հարթակ, որտեղ համայնքները կներկայացնեն այդ տարի օտարման ենթակա հողերն ու գույքը, որպեսզի արտասահմանում մեր հայրենակիցների համար պարզ լինի, թե որտեղ կարող են իրականացնել իրենց ցանկությունները։

Ս.Պապիկյանը նշեց, որ նախարարության կողմից համայնքներում վարչարարության վերահսկողության ժամանակ ի հայտ են եկել մի շարք հարցեր, որոնք դիտարկվել են քրեական տարրեր պարունակող, և դիմել են Դատախազություն։

Իրավապահ մարմինների հետ համագործակցության ուղղություններից մեկը նախարարը համարում է հէկ-երի կադաստրային տեղադիրքը, որ, օրինակ՝ իբրև դաշտում են գտնվում։ Ըստ նրա՝ հասկանալով, որ այլևս պետք է մտնեն հարկային դաշտ, հէկ-երի սեփականատերերը դիմում են մարզպետարաններին՝ քարտեզագրման հստակեցման համար. «Ողջունելի է, որ մարդիկ ուզում են գալ օրենքի դաշտ և դառնալ հարկատու, բայց միևնույն ժամանակ՝ հարց է ծագում՝ ի՞նչ պայմաններում է եղել այդ քարտեզագրման շեղումը»։

Կարևորելով Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրերը՝ Ս.Պապիկյանն անընդունելի անվանեց, թե ինչպե՞ս կարելի է Ջերմուկում բարվոք ճանապարհը քանդել և նորից ասֆալտապատել ու դրա համար ծախսել 1 մլրդ դրամ, կամ՝ տարբեր հյուրանոցների մերձակա տարածքում իբր դպրոցի համար թենիսի կորտ կառուցել.

«Այսինքն՝ պետական միջոցներով հյուրանոցների համար թենիսի կորտեր են կառուցվել։ Բազմապիսի այսպիսի հարցեր կան, որ չէին փոխելու Ջերմուկի հասարակ բնակչի կյանքը»։ Պապիկյանի խոսքով՝ Ջերմուկի համար հատկացվող գումարները կվերանայվեն։

Ըստ նրա՝ հայտ է ներկայացվել, որ 2 մլրդ 222 մլն դրամ հատկացվի Տրանսպորտի նախարարությանը՝ միջհամայնքային ճանապարհների վերանորոգման համար։ Հատուկ ուշադրություն կդարձվի նաև ճանապարհներին առկա և գոյություն չունեցող զուգարանների խնդրին և, նախարարի խոսքով, որոշվել է, որ 216 ԱԳԼՃԿ-ներ և դրա կեսի չափ բենզալցակայաններ ու առևտրի կետեր օրենքով պարտավորված կլինեն նման հագեցվածություն ունենալ։

Տեսանյութեր

Լրահոս