«Ես ընտրվելու եմ Երևանի քաղաքապետ». Արտակ Զեյնալյան

«Մենք իրականացնում ենք պոզիտիվ քարոզարշավ և մեզ համար կարևոր է, որ հենց այս պոզիտիվ քարոզարշավի արդյունքում դառնանք քաղաքապետ։ Դա կառավարման բովանդակության հետ անմիջականորեն կապված ձև է։ Մեզ համար գերխնդիր չէ ուղղակի զբաղեցնել այդ պաշտոնները»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը։

Նրա խոսքով՝ իրենք պետք է ձևավորեն մի համայնք, որտեղ մերժվածներ չկան, խտրականություն չկա. «Խտրականության դրսևորման ձևերից է նաև թիրախավորումը, հալածանքը, ինչն ուզում ենք բացառել, այլապես կլինի սովորական կառավարում և մեզ անհրաժեշտ կլինի 20-30 տարի, որ կարողանանք այդ բացը լրացնել։ Մեր դաշինքի քարոզչական գույնը մանուշակագույնն է»։

Հարցին՝ եթե չընտրվի քաղաքապետ, շարունակելո՞ւ է աշխատել Նիկոլ Փաշինյանի ձևավորած կառավարությունում, նա այսպես պատասխանեց

«Մեր հարաբերությունները բարիդրացիական են, ես ընտրվելու եմ Երևանի քաղաքապետ»։

168.am-ի հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերում ՔՊ երիտթևի տարածած այլ լուսանկարներին, որոնցում նշվում է, թե իբր Արտակ Զեյնալյանը շահարկում է իր կռված լինելու հանգամանքը, նա այսպես պատասխանեց.

«Ես իմ պատերազմին մասնակցելու հանգամանքը չեմ շահարկում, չեմ շահարկում իմ վիրավոր լինելու հանգամանքը, չեմ շահարկում իմ առողջական կազմակերպիչ լինելու հանգամանքը, չեմ շահարկում պետական և տեղական ինքնակառավարման մասնագետ լինելու հանգամանքը, և շատ ու շատ այլ հանգամանքներ չեմ շահարկում։ Ես ներկայացնում եմ կառավարման իմ տեսլականն ու դրանով եմ ներկայանում հանրությանը։ Ես սովորական քաղաքացի եմ, սովորական մարդ եմ, և ամենաբարձր պաշտոնն իմ երկրում ազատ քաղաքացի լինելու պաշտոնն է։ Ես չեմ կարող ներկայացնել որևէ փաստ, որ դա մեր մրցակից դաշինքի երիտասարդական թևի ներկայացուցիչներն են արել, դա անում են անանուն կեղծ օգտատերեր, գուցե տարածվում են համակիրների կողմից, կարող է նման տպավորություն լինել, բայց չեմ ուզում առաջնորդվել դրանցով»։

Նա հավելեց, որ հրահանգել է իր թիմի ներկայացուցիչներին, որ երբ հանդիպում են իրենց քարոզչական պաստառների վրա մրցակից թիմի քարոզչական պաստառներ, համարժեք պատասխաններ չտալ դրանց։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս