Բաժիններ՝

ԱՄՆ-ը հայտարարել է ՉԺՀ-ից 200 մլրդ դոլար գումարի ապրանքների համար 10-տոկոսանոց մաքսատուրքերի սահմանման մասին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Չինաստանից ներմուծվող 200 մլրդ դոլար գումարի ապրանքների համար սեպտեմբերի 24-ից 10-տոկոսանոց մաքսատուրքերի սահմանման, ինչպես նաեւ 267 մլրդ դոլարի չափով հավելյալ մաքսատուրքեր սահմանելու մտադրության մասին, եթե ՉԺՀ-ն պատասխան միջոցներ ձեռնարկի: Այդ մասին ասված է Սպիտակ տան մամուլի տեղեկագրում, որը տարածվել է սեպտեմբերի 17-ին:

«Սակագները ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 24-ին, մինչեւ տարեվերջ դրանք կպահպանվեն 10 տոկոս մակարդակի վրա: Հունվարի 1-ից սակագները կաճեն մինչեւ 25 տոկոս: Դեռ ավելին, եթե Չինաստանը պատասխան միջոցներ ձեռնարկի մեր ֆերմերների կամ արդյունաբերության այլ ճյուղերի դեմ, ապա մենք անհապաղ կսկսենք երրորդ փուլը՝ ներմուծման լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելով մոտավորապես 267 մլրդ դոլարի չափով»,-հայտարարել է ԱՄՆ-ի նախագահը:

Թրամփը քանիցս հայտարարել է, որ իրեն դուր չի գալիս ՉԺՀ-ի հետ առեւտրում առկա դեֆիցիտը: Այս տարվա հունիսի 15-ին նա հայտարարել է, որ Չինաստանի կողմից ամերիկյան ինտելեկտուալ սեփականության եւ տեխնոլոգիաների հափշտակման, ինչպես նաեւ այն բանի կապակցությամբ, որ Պեկինը անարդարացի առեւտրական պրակտիկա է կիրառում, ԱՄՆ-ը 25 տոկոսի չափով մաքսատուրքեր կսահմանի այդ երկրից ներմուծվող 50 մլրդ դոլար գումարի ապրանքների վրա: Դրանք սահմանվել են երկու մասով՝ 34 մլրդ դոլարի ու 16 մլրդ դոլարի չափով, եւ ուժի մեջ մտել համապատասխանաբար հուլիսի 6-ին եւ օգոստոսի 23-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս