«Իրավիճակը Հայաստանում անհանգստացնում է՝ ինչպես Մոսկվային, այնպես էլ՝ Վաշինգտոնին». Սերգեյ Մարկեդոնով

Մոսկվան անհանգստացած է Հայաստանում իրավիճակի անկայունության հնարավորությամբ։ Այս մասին Новости Армении-NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է պատմական գիտությունների թեկնածու, ՌՊՀՀ տարածաշրջանի և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

Խոսելով այն մասին, թե ինչո՞ւ է Մոսկվային հետաքրքրում Հայաստանի իրավիճակը, նա նկատեց, որ այդ հարցը գտնվում է Ռուսաստանի հետաքրքրությունների շրջանակներում։

«Երբ Իվանիշվիլին Վրաստանում եկավ իշխանության, և եղան Սահակաշվիլու կողմնակիցների նկատմամբ որոշակի գործողություններ, Վաշինգտոնը նույնպես արտահայտվեց։ Եվ դա հասկանալի է։

Իրավիճակը դաշնակից համարվող երկրում կարևոր է։ Իսկ եթե ներքաղաքական զարգացումները հանգեցնեն Հայաստանի ներսում կոնֆլիկտի, և ներքին բախումը բերի արցախյան հակամարտության իրավիճակի սրացմա՞նը, օրինակ, եթե Բաքվում որոշեն, որ Հայաստանում ամեն ինչ վատ է ու անկայուն, ու սկսի գործե՞լ։ Ահա այդ ժամանակ Մոսկվան էլ ստիպված կլինի միանալ կարգավորմանը։ Դրա համար էլ Մոսկվային անհանգստացնում է իրավիճակը, այլ ոչ այն պատճառով, որ Մոսկվայում չեն սիրում Փաշինյանին կամ էլի ինչ-որ մեկի»,- համարում է Մարկեդոնովը։

Կարդացեք նաև

Նա նշեց, որ որոշակի մտահոգություն կա, բայց դրա հետ մեկտեղ՝ կան շփումներ՝ ինչպես առաջին դեմքերի, այնպես էլ՝ նախարարությունների մակարդակներով։ «Դեռևս ես չեմ տեսնում, որ հակասություններն արտահայտվեն ինչ-որ այլ տեղ, բացի այդպիսի մտահոգություններից։ Ես չեմ տեսնում, որ Մոսկվան և Երևանը միմյանց քննադատեն ինչ-որ հարցերով,- ասաց նա՝ ավելացնելով,- հաճախ մենք ինչ-որ բաներ ենք հորինում, որոնք իրականում չկան։ ՌԴ դիրքորոշումը ձևավորվում է ոչ թե պատգամավորների, քաղաքագետների ու լրագրողնրի կողմից, այլ նախագահի վարչակազմի ու անձամբ Վլադիմիր Պուտինի կողմից։ Հենց այս հանգամանքն էլ կողմնորոշիչ պետք է լինի»,- համարում է նա։

Մարկեդոնովը հիշեցրեց, որ մինչ վարչապետ դառնալը Նիկոլ Փաշինյանը ծայրահեղորեն էր տրամադրված Ռուսաստանի վարած քաղաքականության, եվրասիական ինտեգրացիայի նախագծերի դեմ, բայց վարչապետ դառնալուց հետո սկսեց հայտարարել, որ պատրաստ է զարգացնել Մոսկվայի հետ հարաբերությունները ու պահպանել նախկին պայմանավորվածությունների իրականացումը։ Նա նշեց, որ Փաշինյանի նախկին դիրքորոշումը չի կարող չանհանգստացնել Մոսկվային, և հենց դրա հետ է կապված նրա կողմից որոշակի անվստահության աստիճանը։

«Միգուցե իսկապես ամեն ինչ հիանալի կլինի, և Մոսկվան ու Երևանը կզարգացնեն հարաբերությունները, սակայն փորձելու ու ստուգելու փուլ պետք է լինի։ Եկել են նոր մարդիկ, նրանք պետք է աշխատանքային շփումներ հաստատեն ռուս գործընկերների հետ, դա նորմալ, առօրեական գործընթաց է»,- նշեց նա։

Պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ է արդյոք Հայաստանի երկրորդ նախագահին Պուտինի հղած շնորհավորանքը որոշակի ազդանշան լինել նոր իշխանությունների համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե դա ինչ եղանակով է արվել, Մարկեդոնովը նկատեց, որ «այսօր Մոսկվայում ԽՄԿԿ ԿԿ չկա, որ կարգադրի՝ ձեռք չտալ, ու վերջ։ Մոսկվան արտահայտում է իր տեսակետը, հասկացնել է տալիս, որ դա լավագույն ճանապարհը չէ»։

«Անձամբ իմ կարծիքով՝ բոլոր այդ հակակոռուպցիոն գործընթացները լավագույն ճանապարհը չեն։ Եթե նման բան Ռուսաստանում տեղի ունենար, ես կրկին դեմ կլինեի։ Դա լավագույն ճանապարհը չէ, քանի որ մեծ է հաշիվ մաքրելու, վրեժի, ընտրողական արդարադատության գայթակղությունը։ Պետք է կամ բոլորին պատժել, կամ ոչ ոքի»,- ասում է Մարկեդոնովը՝ նշելով, որ «ավելի լավ է սկսել զրոյից, ազգային հաշտեցումից, այսօրվանից, իսկ անցյալը չփորփրել։ Բայց ևս մեկ անգամ կրկնվեմ ու ասեմ, որ սա անձամբ իմ կարծիքն է։ Փորփրել իրավիճակը, երբ բիզնեսի համար որոշակի խնդիրներ կան, երբ ներքաղաքական կայունության հետ կապված հարցեր կան, լավագույն տարբերակը չէ։

Բնականաբար, Մոսկվան շատ անգամներ է բախվել հետխորհրդային տարածքներում նման խնդիրների հետ, երբ ներքաղաքական իրավիճակն արտահայտվել է արտաքին քաղաքական հարաբերություններում։ Կարող են լինել որոշակի հետևանքներ։ Բայց դա չի նշանակում, որ Մոսկվան հրամայում է։ Նա պարզապես ասում է, որ բայդ տարբերակը լավագույնը չէ։ Սակայն Երևանը ինքը պետք է ընտրություն կատարի։ Եթե նա Ռուսաստանի հետ որակյալ երկկողմանի հարաբերություններ է ուզում, ապա Մոսկվայի դիրքորոշմանն ամենաքիչն արժե ուշադրություն դարձնել, կարելի է և այն չընդունել, սա նույնպես հնարավոր տարբերակ է։ Դա յուրաքանչյուրի ընտրությունն է»։

Պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ է արդյոք Մոսկվայի ու Երևանի միջև սառնությունը բացասաբար անդրադառնալ արցախյան կարգավորման վրա, Մարկեդոնովը նշեց, որ անհրաժեշտ է առանձնացնել արցախյան կարգավորման հարցը Հայաստանի ներքաղաքական իրավիճակից ու հայ-ռուսական հարաբերությունների երկկողմ դինամիկայից։

«Անկասկած, դրանք որոշակիորեն կապված են միմյանց հետ, սակայն չի կարելի միանշանակորեն պնդել։ Այո, ռուսական ԶԼՄ-ներում Մոսկվայի հնարավոր արձագանքի հետ կապված որոշակի քննարկում կա, սակայն, եթե խոսենք այս հարցի կապակցությամբ ռուսական պաշտոնական գծի մասին, ապա այն ներկայացված է ԱԳՆ-ի ու երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից, այլ ոչ թե՝ քաղաքագետների ինչ-որ շահարկումներով»,- շեշտեց Մարկեդոնովը։

Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեկ Լավրովի վերջերս հնչեցրած հայտարարություններին՝ փորձագետը նկատեց, որ դրանք վերաբերում էին բացառապես Հայաստանի ներքաղաքական դինամիկային։

«Մոսկվան արտահայտել է իր մտահոգությունը, խոսել այն մասին, որ այդ պրոցեսները կարող են ներքաղաքական անկայունություն հարուցել։ Ոչ մի խոսք չի եղել այն մասին, որ Մոսկվան կարող է փոխել Արցախի հարցով իր իրավիճակը։ Ես Ռուսաստանի համար ոչ մի ռացիոնալ առիթ չեմ տեսնում Ղարաբաղի հարցով դիրքորոշումը փոխելու համար։ Այն այնպիսին է, ինչպիսին եղել է նախկինում, այն է՝ կարգավորման հիմնական սկզբունքներին աջակցությունը և նախ և առաջ կոնֆլիկտի կողմերի միջև փոխզիջման հասնելը»,- նշել է նա։

Մարկեդոնովի խոսքերով՝ Արցախի կոնտեքստում, չգիտես ինչու, շատ են խոսում Մոսկվայի, Վաշինգտոնի մասին, բայց քչերն են խոսում Երևանի ու Բաքվի մասին։ «Սակայն կարգավորման բանալին հենց նրանց մոտ է գտնվում։ Կոնֆլիկտի կողմերը պատրաստ չեն փոխզիջումների։ Մի՞թե Հայաստանում, բացի Լևոն Տեր-Պետրոսյանից, կա մի քաղաքական գործիչ, ով կարող է հայտարարել, որ կարող է որոշակի շրջաններ զիջել, կամ կա՞ Բաքվում մի քաղաքական գործիչ, լինի դա ընդդիմադիր թե մերձիշխանական, ով կարող է հայտարարել Հայաստանի համար շահեկան Լեռնային Ղարաբաղի հանրաքվեի արդյունքներն ընդունելու մասին։ Եվ սա է գլխավոր խնդիրը»,- համարում է Մարկեդոնովը։

Պատասխանելով այն հարցին, թե ինչի հետ են կապված ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հնարավոր անդամագրման հաճախակի դարձած հայտարարությունները, Մարկեդոնովն ասաց, որ որևէ ձևաչափով Ադրբեջանի՝  ՀԱՊԿ-ին անդամակցելը Մոսկվայի համար կպչուն միտք չի հանդիսանում։ Նրա խոսքերով՝ ինքը չի համարում, որ Մոսկվան հետաքրքրված է Ադրբեջանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցությամբ։

«Մոսկվայի համար կարևոր են դրա իմաստն ու կարևորությունը։ Եկեք Մոսկվայի գործողություններում ինչ-որ ֆոբիաներ ու սխեմաներ չփնտրենք, այլ իրական դրդապատճառներ գտնենք։ Եթե Ադրբեջանը մտնի ՀԱՊԿ կազմի մեջ, ինչի՞ կվերածվի այդ կազմակերպությունը։ Այն պարզապես արցախյան կոնֆլիկտի կարգավորման գծով լրացուցիչ մինի-բաժանմունք կդառնա, և վերջ։ Այդ կազմակերպությունն առանց այդ էլ բազմաթիվ խնդիրներ ունի, իսկ այդ դեպքում այն կդառնա մի մեծ խնդիր, որի անունն է ղարաբաղյան։ Ես հասկանում եմ, թե ինչու է Ադրբեջանը դա անում։ Այդ երկրի առաջնորդների փոխարեն՝ ես էլ նույն բանը կանեի. օգտագործելով Մոսկվայի ու Երևանի հարաբերությունների միջև առկա որոշ խնդրահարույց պահեր՝ կասեի՝ ահա տեսեք, մենք էլ կարող ենք անդամակցել ՀԱՊԿ-ին։ Բայց ես դրա համար լուրջ հիմքեր չեմ տեսնում»։

Պատասխանելով հարցին, թե Արևմուտքի հետ հարաբերությունների վրա ինչպես կանդրադառնա Սիրիա մարդասիրական օգնություն ուղարկելու Երևանի որոշումը, և արդյոք սա Մոսկվային սիրաշահելու փորձ չէ, Մարկեդոնովը նշեց. «Ինչո՞ւ սիրաշահել։ Բոլորը մոռանում են, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է հանդիսանում։ Ի՞նչ վատ բան կա այդ որոշման մեջ։ Կամ, ասենք, հայ զինվորականները մասնակցել են ՆԱՏՕ-ի առաքելություններին Կոսովոյում, Իրաքում և Աֆղանստանում… Եթե Հայաստանն ուզում է մասնակցել Սիրիայում ինչ-որ տարբերակով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարբեր հաշվարկներով Հայաստան են ժամանել շուրջ 15-20000 սիրիահայեր, մի՞թե դա Երևանի հետաքրքրությունների շրջանակներում չէ։ Մի՞թե Մերձավոր Արևելքի իրավիճակի կայունացումը Երևանին հակացուցված է։ Մի՞թե դա միայն Ռուսաստանին է պետք։ Կարծում եմ՝ ոչ»,- նշեց նա։

Նրա խոսքերով՝ այս որոշումը ոչ թե սիրաշահելու փորձ է, այլ երկկողմանի հարաբերություններին նոր ազդակ տալու փորձ։

«Ես ոչ մի վատ բան դրանում չեմ տեսնում։ Այլ հարց է, որ այդ որոշմամբ երկկողմանի հարաբերություններին նոր ազդակ տալով չի սահմանափակվի, կան շատ այլ կողմեր ևս։ Դա և տնտեսությունն է, և Արցախը, եվրասիական ինտեգրացիան ու շատ այլ բաներ։ Բայց դա այն պահերից մեկն է, որը հարաբերություններին դրական դինամիկա է հաղորդում, ձևավորում է վստահություն, եթե կուզեք։ Այո, դա այդպես է»։

Փորձագետը նշել է, որ դեռևս այդ քայլի նկատմամբ Վաշինգտոնի կողմից բացասական արձագանքի նշաններ չի տեսնում։

«Նույնիսկ, եթե ԱՄՆ-ում բացասաբար արձագանքեն, նրանք ի՞նչ կարող են առաջարկել Երևանին, որ չեզոքացնեն Մոսկվայի առաջարկը։ ՆԱՏՕ՞։ Հայաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցն արդիական չէ՝ հաշվի առնելով Դաշինքին Թուրքիայի անդամակցությունը։ Տնտեսական աջակցությո՞ւն։ Սակայն Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված՝ արդեն ակնհայտ է, այսպես ասենք, Վաշինգտոնի անհանգստությունը։ Ոչ միայն Մոսկվան, այլև Վաշինգտոնը նույնպես անհանգստացած է Հայաստանի իրավիճակով։ Բայց մեծ հաշվով, Վաշինգտոնը Հայաստանին առաջարկելու բան չունի, որ նա, կոպիտ ասած, դադարի ընկերություն անել Ռուսաստանի հետ։ Այդ պատճառով էլ Սիրիայի կոնտեքստում, չեմ կարծում, որ կհետևի խիստ բացասական արձագանք։ Ամեն դեպքում, դատելով այն տվյալներից ու մեկնաբանություններից, որ այժմ կան, ես Վաշինգտոնի կողմից բացասական ոչինչ չեմ տեսնում»։

Խոսելով Ադրբեջանի կողմից ռազմական արկածախնդրության հավանականության մասին՝ հաշվի առնելով Նախիջևանի ուղղությամբ լարվածության մեծացումը, Մարկեդոնովը հայտարարեց, որ Բաքվի համար կարևոր է պահպանել իր գործողությունների որոշակի խորհրդանշական նշանակությունը։ Նրա խոսքերով՝ առաջին հերթին՝ դա ներքին լսարանի համար է արվում, որ ցույց տան, որ որոշակի հաջողություններ ունեն։

«Պետք չէ մոռանալ, որ կա նաև տեղեկատվական պատերազմի հետ կապված իրավիճակ։ Այսինքն՝ սրանով իսկ նրանք փորձում են ցույց տալ, որ կարող են ազդել իրավիճակի վրա, ու կարծես թե Մոսկվան այնքան էլ ակտիվորեն չի արձագանքում այս թեմային։ Սրանք ինֆորմացիոն և քաղաքական ազդեցության ու դիվանագիտական ճնշման միջոցներ են։ Կարո՞ղ է դա հանգեցնել ռազմական կոնֆլիկտի։ Այդ վտանգը միշտ է դամոկլյան սրի պես կախված է եղել, որովհետև Ադրբեջանը գոհ չէ եղած ստատուս-քվոյից, Արցախի շուրջը եղած շրջանների կորստից։ Եվ այդ իմաստով նա փորձում է բոլոր խաղացողներին ցույց տալ իր դժգոհությունը, իսկ քանի որ ռեսուրսներն ու հնարավորությունները սահմանափակ են, դա արվում է ահա այնպես, ինչպես Նախիջևանում»։

Թուրքական ԶԼՄ-ներում հայտնած ինֆորմացիան այն մասին, որ Անկարան Նախիջևանում ռազմաբազա է ուզում ստեղծել, Մարկեդոնովը նույնպես կապեց ինֆորմացիոն ազդեցության հետ՝ նշելով, որ Անկարան այդ մասին խոսում է արդեն 15 տարի։

Քաղաքական ենթատեքստում սա Երևանի վրա ճնշում գործադրելու հարց է։ Եվ հենց դրա համար էլ ես կարծում եմ, որ Երևանը չպետք է շիկացնի հասարակական կարծիքը Ռուսաստանի հետ ունեցած խնդիրների առումով, այլ, ընդհակառակը, մինիմալի պետք է հասցնի ի հայտ եկող բարդություններն ու չհասկացվածությունը։ Ուրիշ Ռուսաստան չես հորինի, այն այնպիսին է, ինչպիսին որ կա։ Իսկ եթե այդ հարաբերությունները վատանան, դաշնակիցներից ոչ ոք դրանից չի շահի։

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս