«Եվրամիությունն ամենայն լրջությամբ վնասում է Եվրոպային». Մարին լե Պեն
«Ազգային միավորում» ֆրանսիական կուսակցության (նախկին Ազգային ճակատ») առաջնորդ Մարին լե Պենը հայտարարել է, որ «անմիտ միգրացիոն քաղաքականության» մեջ խրված Եվրամիությունն սպառել է իրեն, եւ առաջարկել է Եվրոպայի բոլոր կառուցողական քաղաքական ուժերին՝ միավորվել՝ Եվրամիության փոխարեն Եվրոպական ազգերի միություն հիմնելու համար:
Այդ մասին քաղաքական գործիչը հայտարարել է՝ սեպտեմբերի 16-ին Ֆրանսիայի հարավի Ֆրեժյուս քաղաքում «Ազգային միավորման» հանդիպմանը շարադրելով իր կուսակցության ծրագիրը Եվրախորհրդարանի 2019 թվականի ընտրություններում:
«Եվրամիությունը Եվրոպան չէ: Եվրոպական միությունը գաղափարախոսական կառուցվածք է, մի ինստիտուտ, որը կառավարվում է անանուն իշխանության կողմից, որը կենտրոնացված կերպով ղեկավարում է անսահմանափակ տարածք, որը հասնում է Թուրքիա կամ Մաղրիբ: Տարածք, որը չի առնչվում որեւէ պատմության, արմատների կամ ավանդույթների հետ, տարածք, որն իրականում չունի ո՛չ ուժեր, ո՛չ հեռանկարներ, բացի համաշխարհային մագմայի մեջ լուծվելուց: Եվրամիությունն ամենայն լրջությամբ վնասում է Եվրոպային»,-ասել է լե Պենն իր ելույթում, որը հեռարձակել է BFM հեռուստաալիքը:
Լե Պենի կարծիքով, ԵՄ-ն իր ներկայիս տեսքով վերածվել է «դիկտատուրայի, որը ոչնչացնում է ժողովուրդներին, բռնություն է կիրառում ժողովուրդների, ինչպես, օրինակ, բրիտանացիների կամ լեհերի դեմ, որոնք չեն ենթարկվում նրա օրենքներին, ինչպես նաեւ շանտաժէ կիրառում մնացած բոլորի դեմ»:
«Եվրամիությունը չի պաշտպանում Եվրոպան, բայց կործանում է եվրոպական գաղափարը: Դրանից էլ վատ՝ նա կազմակերպում է Եվրոպայի ոչնչացումը միգրացիոն հեղեղի, ֆինանսական օլիգարխիաներին իր ենթարկվելու, սոցիալական պաշտպանության մեր համակարգերը կրճատելու, մեր ինքնությունը ոչնչացնելու, ազատ առեւտրի շուրջ բանակցություններ վարելու հաշվին, որոնք ապահովում են մեր տարածքների ու տնտեսությունների թալանը»,-հավելել է քաղաքական գործիչը. հաղորդել է ՌԻԱ Նովոստին: