«Սերժ Սարգսյանի և նրա փեսայի բարեկամները ներգրավված չեն «Իմ քայլը» դաշինքի ցուցակում». Լենա Նազարյան
Սերժ Սարգսյանի և նրա փեսայի բարեկամները ներգրավված չեն «Իմ քայլը» դաշինքի ցուցակում: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը՝ հակադարձելով «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր, ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի հայտարարություններին:
Ըստ նրա՝ իրենց դաշինքի ցուցակում կա Միքայել Հասրաթյան անունով թեկնածու, որը ոչ մի կապ չունի Միքայել Մինասյանի բարեկամների հետ, այլ ընդամենը անուն-ազգանվան համընկնում է։
Լ.Նազարյանի խոսքով՝ մյուս անձի մասին, որ իբրև թե Զորի Բալայանի բարեկամն է, իրենք պատկերացում չունեն, թե ում մասին է խոսքը: Եվս մեկ հոգի, Լ.Նազարյանի խոսքով, Վիկտոր Մնացականյանը Միքայել Մինասյանի սանիկն է, սակայն նա հեղափոխության օրերին շատ ակտիվ մասնակցել է ճանապարհ փակելուն, դրա մասին նույնիսկ տեսանյութեր կան, Աբովյան փողոցում գորգերով ճանապարհ փակելու հայտնի ակցիան ևս նա է իրականացրել:
Ընդ որում, ինչպես շեշտեց պատգամավորը, Մնացականյանը Մինասյանի սանիկն է եղել ավելի վաղ, քան Մինասյանը «դարձել է այն, ինչ կա», իսկ հարաբերությունները չեն պահպանվել։
«Ծառուկյան դաշինքն ապրիլի 17-ին 9 պատգամավորով կողմ է քվեարկել Սերժ Սարգսյանի վարչապետությանը: Ինչպես նաև այդ կուսակցությունը մի քանի անգամ կոալիցիայի մեջ է եղել ՀՀԿ-ի հետ: 2008 թ. մարտի 21-ին, մարտի 1-ից 20 օր հետո, տիկին Զոհրաբյանը կողմ է քվերակել Երևանում մարտի 1-ին հատուկ դրություն մտցնելու ԱԺ որոշմանը: Բազում տեսանելի և անտեսանելի կոալիցիաների մեջ է գտնվել ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ: Եվ այս ամենից հետո իրենք մեզ ինչ-որ մեղադրանքներ են ներկայացում ՀՀԿ-ի հետ համագործակցության մասով»,- ասաց Լ.Նազարյանը:
Նա արձանագրեց Ն.Զոհրաբյանի խոսքը, թե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն իրենց համար գոյություն չունեն՝ հույս հայտնելով, որ իսկապես նրանց համար գոյություն չունեն. «Ես հուսով եմ, որ այս հերթական հայտարարությունը՝ իրենց կողմից արված, արդեն վերջնական է»: