Բաժիններ՝

Եղեք օրինապաշտ և այդ դեպքում մեր երեխաներն այլևս չեն ուզի նմանվել ինչ-որ օլիգարխի. Փաշինյանը՝ «Իմ քայլը» դաշինքի հավաքին

ՀՀ վարչապետ, «Իմ քայլը» դաշինքի մեջ մտնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը դաշինքի նախընտրական հավաքի ժամանակ, որը տեղի ունեցավ Շենգավիթ վարչական համայնքում, կոչ արեց քվեարկել դաշինքի թեկնածու Հայկ Մարությանի օգտին:

Նախընտրական հավաքի ժամանակ վարչապետն իր ելույթում նշեց, որ ուզում են ստեղծել այնպիսի կառավորություն, որը ոչ թե հաց կտա ժողովրդին, այլ հնարավորություն կստեղծի վաստակել այն: «Մենք ուզում ենք ունենալ այնպիսի կառավարություն, որը ուղիղ կնայի ժողովդրի աչքերի մեջ: Հայաստանում օլիգարխներ չկան, որովհետև օլիգարխ նշանակում է քչերի իշխանություն, իսկ Հայաստանում իշխանությունը ժողովրդին է պատկանում: Հայաստնում չկա ավելի բարձր կոչում, քան Հայաստանի հպարտ քաղաքացի կոչումը»,- հայտարարեց վարչապետը:

Նա գործարարներին կոչ արեց ծառայել երկրին, հարստանալ ու հարստացնել, բայց իրենց հարստությամբ ուրիշներին չնվաստացնեն, այլ հակառակը՝ ավելի հպարտացնեն:

«Գործարարները և գործարարությունը չափազնաց կարևոր ինստիտուտներ են Հայաստանի համար: Այդ նույն մարդիկ իրենց օրինական հարկերը վճարելով, մյուս քաղաքացիների նկատմամբ հարգալից վերաբերմունք ցուցաբերելով, իրենց՝ բոլորի հետ հավասար քաղաքացի ընկալելով հսկայական հարգանքի կարժանան, որովհետև գործարարների խավը արդյունք ու աշխատատեղեր է ստեղծում երկրում»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա համոզմամբ՝ Հայաստանը մի տեղ է, որտեղ հնարավոր է գործել ու հարստանալ:

«Եվ ուրեմն, եղեք օրինապաշտ և այդ դեպքում մեր երեխաներն այլևս չեն ուզի նմանվել որևէ մականունավոր օլիգարխի, այդ երեխաները ցանկանալու են նմանվել Տիգրան Մանսուրյանին, Արմենակ Ուրֆանյանին, նրանց իդեալը լինելու է Կոմիտասն ու Թումանյանը, Մարտիրոս Սարյանն ու Մինաս Ավետիսյանը: Նրանց երազանքը լինելու է տիեզերքը, կրթությունն ու հզոր ապագան»,- նշեց նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս