Ադրբեջանի ժողովուրդը պետք է պահանջի, որ Իլհամ Ալիևի որդին ծառայի սահմանագծում. ՀՀ վարչապետ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի սեպտեմբերի 16-ի նախընտրական հավաքի ժամանակ անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևեի որդու զինվորական ծառայության անցնելու փաստին՝ նշելով, որ Ադրբեջանի ժողովուրդը իր երկի ղեկավարի առջև պետք է խնդիր դնի, որպեսզի նրա որդին ծառայի սահմանամերձ գոտում:

«Վերջին երեք օրերի ընթացքում ՀՀ զինված ուժերում ծառայող զինվորը խոցել է երեք ադրբեջանցու ոչ թե այն պատճառով, որ հաճույք է ստանում, այլ այն պատճառով, որ Ադրբեջանի հրամանով կրակում էին ՀՀ սահմանամերձ գյուղերի ուղղությամբ:

Ադրբեջանի ժողովուրդը պետք է պահանջի, որ Իլհամ Ալիևի որդին ծառայի սահմանագծում, և այդ ժամանակ կտեսնենք, թե ինչպիսի վիճակ կստեղծվի սահմանին: Որևէ ադրբեջանցի մայր չի կարող մեղադրել մեզ, որովհետև մենք հակագործողության ենք դիմում այն ժամանակ, երբ նրանք են այդպես վարվում»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ սեպտեմբերի 16-ին Ալիևի որդին՝ Հեյդար Ալիևը ծառայության է անցել Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության զորամասերից մեկում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի վերջին հարցազրույց էր տվել ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր և հաղորդավար Ալեքսեյ Վենեդիկտովին, ով

հետաքրքրվել էր, թե ինչու է վարչապետն իր որդուն ուղարկել հենց Ղարաբաղ ծառայելու, ինչին ի պատասխան Փաշինյանը նկատել էր, որ որդին գնացել է կամավոր սկզբունքներով: «Շատերը դա մեկնաբանում են որպես ագրեսիվ ժեստ, բայց հակառակը, դա խաղաղասիրական քայլ է: Բոլորս էլ հասկանում ենք, որ երբ որդուս ուղարկում եմ Ղարաբաղ, չեմ ուզում, որ այնտեղ պատերազմ սկսվի. Աստված չանի, մահանա իմ որդին կամ իմ հայրենակիցների որդիները, կամ շարքային ադրբեջանցիների որդիները: Դա տրամաբանական չէ: Ես դա չեմ ուզում: Ուրախ կլինեի, եթե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս որդուն այնտեղ ուղարկեր ծառայելու: Եթե նրա որդին ևս այնտեղ ծառայեր, ես դա կընդունեի որպես խաղաղասեր քայլ: Բոլորս համոզված կլինեինք, որ պարոն Ալիևը ևս չի ցանկանա, որ իր որդին մահանա»,- ասել էր Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս