Բաժիններ՝

Հաջորդ տարի Երևանի կոնյակի գործարանը խաղողի գնման գինը և մթերման ծավալը կհայտարարի ապրիլից 1-ին. Փաշինյանն այցելել է ԵԿԳ-ի Արմավիրի մասնաճյուղ

Հաջորդ տարի Երևանի կոնյակի գործարանը խաղողի գնման գինը և մթերման ծավալը կհայտարարի ապրիլի 1-ին: Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցելությունից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Երևանի կոնյակի գործարանի խորհրդի նախագահ Արա Գրիգորյանը և հավելեց, որ ընդունում է խաղողագործների այն մտահոգությունը, որ մթերման գինը ուշ է հայտարարվում:

«Այսօրվա դրությամբ՝ խաղողի մթերման պայմանագրային մեր պարտավորվածության թիվը կազմում է 29 հազար տոննա 26 հազար տոննայի փոխարեն: Խաղողը մթերվում է 140 դրամով՝ առանց որևէ այլ պարամետրերի, և նույն գինը պահպանվում թե՛ Արմավիրում, թե՛ Արարատում, թե՛ Տավուշում»,- ասաց Գրիգորյանը:

Խոսելով խաղողի գնի փոփոխման հետ կապված խնդրի մասին՝ Գրիգորյանը նշեց, որ գինը այս տարի չի կարող փոփոխվել, որովհետև դա կապված է գործարանի բյուջեի, ֆինանսական հնարավորությունների, բիզնես ծրագրերի և այլ հանգամանքների հետ:

Սեպտեմբերի 16-ի դրությամբ՝ մասնաճյուղում գնվել է 5153 տոննա խաղող, իսկ երեք մասնաճյուղերում միասին՝ ավելի քան 8194 տոննա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղում այցելության ընթացում ծանոթացավ խաղողի գնման գործընթացի կազմակերպմանը:

Վարչապետը խաղողի մթերման հետ կապված խնդիրները նաև քննարկեց Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանի հետ:

Վարչապետը նշեց, որ խաղողի մթերման խնդիրը պետք է կանոնակարգել, որպեսզի գյուղացու շահույթը պարբերաբար աճի:

«Երկում կա խաղող, որը մթերվում 400-430 դրամով և այդ խաղողը աճում է Արարատյան դաշտում: Այստեղ մենք պլանավորման խնդիր ունենք: Մենք պետք է օգնենք գյուղացիներին, որ իրենք որոշակի սորտի փոփոխություն անեն. ոչ թե գյուղացին խնդրողի դերում լինի, այլ գործարանը:

Այսօր գինու արտադրության ոլորտում փաստորեն խաղողի լուրջ դեֆիցիտ ունենք, և, պատկերացնում եք, խաղողը մթերում են ավելի քան 400 դրամով, իսկ գյուղացին ունի այն խաղողը, որը մթերում են 130-140 դրամով: Այսինքն՝ հողի օգտագործման արդյունավետությունը պետք է բարձրացնենք: Այո, կառավարությունը այստեղ և՛ խորհրդատվական, և՛ որոշակի գործիքներով որոշակի աջակցություն պետք է ցուցաբերի»,- ասաց Փաշինյանը: Ըստ վարչապետի՝ դա նաև արտահանման ծավալներն է կրճատում, հայկական կոնյակի բրենդի վրա է բացասական ազդում:

Հետևելով խաղողի ընդունման փուլերին՝ վարչապետը այցելեց կռատուն, ականատես եղավ խաղողի որակի վերահսկման գործընթացին, ինչպես նաև շաքարայնության ստուգմանը։ Այնուհետև վարչապետն այցելեց վերամշակման տեղամաս, որտեղ խաղողը ճզմվում է ժամանակակից մամլիչներով:

Այցի ընթացքում ընկերության ղեկավարության հետ քննարկվեցին նաև խաղողի գնմանն առնչվող մի շարք հարցեր:

Նիկոլ Փաշինյանը եղավ նաև ընդլայնված և արդիականացված թորման արտադրամասում, որը շարունակում է համալրվել շարանտական տիպի թորման սարքերով: Սարքերն հատուկ արտադրված են ֆրանսիական «Շալվինյակ Գրուպ» մասնագիտացված ընկերության կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս