 
                        ՀՅԴ-ն հերքում է լուրերը, թե Ռոբերտ Քոչարյանը որոշել է սատարել իրենց թեկնածուին
 
                                    «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում հերքել է մամուլում տարածված լուրերն այն մասին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու իր շրջապատը որոշում են կայացրել Երևանի ավագանու ընտրություններում սատարել ՀՅԴ-ին ու նրա թեկնածու Միքայել Մանուկյանին: ՀՅԴ-ի տարածած հայտարարության մեջ ասված է.
«Սեպտեմբերի 15-ին, hraparak.am կայքը տարածել է տեղեկություն, համաձայն որի, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու իր շրջապատը որոշում են կայացրել սատարել ՀՅԴ-ին և նրա թեկնածու Միքայել Մանուկյանին: Հերթական անգամ ստահոդ տեղեկությամբ փորձ է արվում Դաշնակցության գործունեությունն ու քայլերը կապել այլ քաղաքական ուժերի և գործիչների, տվյալ դեպքում Ռոբերտ Քոչարյանի հետ: ՀՅ Դաշնակցությունը Երևանի ավագանու ընտրություններում բացարձակապես հենվում է իր ներուժի, կառույցի և համակիրների լայն շրջանակի վրա և որևէ քաղաքական ուժի կամ գործչի հետ չունի պայմանավորվածություն՝ ընտրություններում կուսակցությանը սատարելու հարցում»,- ասված է ՀՅԴ-ի տարածած հայտարարության մեջ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        