«Գործընթացը մոտենում է կարմիր գծին, և եթե Փաշինյանը չշրջի այս պտտվող անիվի ուղղությունը, ապա…»
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ապրիլի 23-ին և մայիսի 8-ին ամբողջ հայ ժողովրդի մոտ (այս կոնտեքստում թույլ տվեք օգտագործեմ «ժողովուրդ» բառը), ծագեց լույսի և հույսի նոր, աննկարագրելի և երկար սպասված մի ճառագայթ, որում գերակշռում էր անցյալի մութ և մշուշոտ էջը փակելու և Հայաստանի պատմության գրքի նոր, լուսավոր գլուխ բացելու բաղձալի ցանկությունը։
Խորապես հավատացած լինելով Հայաստանում կյանքը լավացնելու և իրական ժողովրդավարություն հաստատելու Փաշինյանի անկեղծ ցանկությանը, այնուամենայնիվ Փաշինյանին անհրաժեշտ էր որոշել այդ ցանկության իրագործման փիլիսոփայությունը, տրամաբանությունը, ձևը և մեթոդաբանությունը։
Փաշինյանին և իր թիմին, ճակատագրի բերումով բաժին էր հասել պատմական աննախադեպ առաքելություն, որի կյանքի կոչման համար առկա էին բոլոր անհրաժեշտ նախադրյալներն ու ռեսուրսները՝ հսկայական լեգիտիմության բազա և անսահմանափակ սահմանադրական և օրենսդրական լիազորություններ։
Անհրաժեշտ էր միայն ընտրել. հավատարիմ մնալ հաղթանակած շարժման հիմքում դրված սիրո և հանդուրժողականության արժեքներին և սերունդների համերաշխության հաստատման միջոցով կառուցել հիրավի Նոր Հայաստան, կամ գնալ սեփական թիմի և հասարակության լայն զանգվածների <արդարության> հաստատման պահանջի բավարարման ճանապարհով։
Առաջին տարբերակը ենթադրում էր Հայաստանում և դրանից դուրս գտնվող մտավոր և պրակտիկ կարողություններով օժտված ռեսուրսի կոնսոլիդացիա, որի արդյունքում կձևավորվեր պրոֆեսիոնալ կառավարություն, որը կմշակեր ՀՀ ներքաղաքական և սահմանադրական ճգնաժամի հաղթահարման անցումային ծրագիր՝ հասարակությունն ու պետական ինստիտուտները արտահերթ խորհրդարանական ընտրություններին պատրաստելու համար։
Երկրորդ ճանապարհը Փաշինյանին կտաներ նախկին իշխանությունների օրոք և նրանց անմիջական մասնակցությամբ կատարված հանցագործությունների բացահայտման, այդ հանցագործությունների մեջ կասկածվող անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և անվերջանալի, հակասությունների և բախումների, հասարակության ֆրագմենտացիայի ուղղությամբ։
Իմ խորին համոզմամբ, հասարակության, կոնկրետ շահառու խմբերի և անհատների մոտ առկա «արդարության» պահանջը բավարարման ենթակա չէ, քանի որ այս պահանջը, բացի օբյեկտիվ դրսևորումներից, ունի չափազանց սուբյեկտիվ բնույթ։
Տուրք տալով այս սուբյեկտիվ պահանջմունքներին Փաշինյանը ժամանակի ընթացքում կկորցնի իր համակիրների բանակի զգալի մասին, քանի որ բավարարել բոլորին ուղղակի հնարավոր չէ։
Դրա վառ օրինակը ձերբակալված անձանց ազատ արձակումն է և նրանցից առգրավված գումարների վերադարձը։
Առաջիկայում հնարավոր է կարճվեն նաև հարուցված քրեական գործերը՝ հիասթափության և հուսահատության հերթական ալիք բարձրացնելով հասարակության մոտ։
Գործընթացը մոտենում է կարմիր գծին և եթե Փաշինյանը չշրջի այս պտտվող անիվի ուղղությունը, ապա այդ անիվի ընթացքն այլևս անհնար կլինի կառավարել…»:
Ապրիլի 23ին և մայիսի 8ին ամբողջ հայ ժողովրդի մոտ (այս կոնտեքստում թույլ տվեք օգտագործեմ <ժողովուրդ) բառը), ծագեց լույսի…
Gepostet von Artur Ghazinyan am Samstag, 15. September 2018