«Տարածած տեսանյութը` թիկնազորով շրջելու և դրա հետևանքների մասին, ոմանց հարցերի ու քննադատության տեղիք է տվել». Ոստիկանություն
Ոստիկանության երեկ տարածած տեսանյութը` թիկնազորով շրջելու և դրա հետևանքների մասին, ոմանց հարցերի ու քննադատության տեղիք է տվել:
Ասենք, որ ոստիկանությունը նման միջոցառումներ իրականացրել է և դրա նախորդ օրը, և դրանից առաջ, պարզապես ձեռնպահ ենք մնացել տեսանյութերը հանրայնացնելուց, ինչը արվելու էր նաև այս դեպքում, պարզապես գործողության կիզակետում հայտնված անձի թիմակցի անհամարժեք արձագանքը կարող էր թյուր հանրային կարծիք ձևավորել, ուստի ստիպված էինք հրապարակել:
Թվում էր, թե այլևս հարցեր չպիտի լինեն, բայց նույն տրամաբանությամբ այսօր էլ իրականությունը խեղաթյուրելու, իրավապահ կառույցի ղեկավարի խոսքն աղավաղելու, ոստիկանության գործողություններին մտացածին դրվագներ ավելացնելու միջոցով հանրային կարծիքը շեղելու փորձ արվեց:
Գնահատականներ տալ չենք ուզում, պարզապես ոստիկանությունը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր ուժերին խնդրում է քարոզչություն իրականացնելիս զերծ մնալ իրավապահ մարմինների հաշվին հանրությանը դուր գալու հնացած գործելակերպից, իսկ եթե ունեք դժգոհություններ ու հիմնավոր կասկածներ, որ կոնկրետ կառույցը, ստորաբաժանումը, ծառայողը օրենք է խախտել, ապա կան գործողությունների համապատասխան ընթացակարգեր: Իհարկե, օրինաստեղծ մարմնի ներկայացուցչին այսպիսի խորհուրդ տալն ավելորդ է թվում, բայց կարիքն առաջացել է:
Ոստիկանությունը նախընտրական այս փուլում, ինչպես և ընտրությունների օրը իր գործառույթները կատարում ու կատարելու է պատշաճ, լիարժեք և բացառապես օրենքի շրջանակում՝ ակնկալելով բոլորի աջակցությունը։