«Դեռ հարց է՝ այս նոր պաշտոնյաների մի մասը մե՞րն են, թե՞ ոչ». Վարուժան Ավետիսյան
«Միայն ասել, որ ինչ-որ վատ տղաներ, որոնք վատ բաներ են ուզում անել, գաղտնալսել են Վանեցյանին, Խաչատրյանին, իհարկե, պարզունակություն կլիներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը՝ ի պատասխան ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսված հեռախոսազրույցի վերաբերյալ 168.am-ի հարցին։
Նրա խոսքով՝ պետք է չամաչել ասել, որ Հայաստանում ընդամենը փոխվել է գործադիր իշխանության ղեկավարը, կառավարության պաշտոնյաների մի մասը. «Մնացյալ ողջ համակարգը հին ռեժիմի ժառանգությունն ու մնացորդներն են։ Այսօր միայն ժողովրդի բացառիկ վստահությունն է Փաշինյանին հնարավորություն տալիս փոքրաթիվ ներկայությամբ ամբողջ համակարգում ապահովել հավասարակշռությունը։ Հակառակ պարագայում մենք շատ արագ դա էլ կկորցնենք։ Դրա համար պետք է պարզ ասել, որ մենք գաղութացված երկիր ենք, ՌԴ գաղութ ենք, ՌԴ-ն մեր նկատմամբ արտաքին կառավարում է իրականացնում, որ կորցնելով այստեղ նայողի վրա իր անմիջական ազդեցությունը, ունենալով այդ դիրքում ժողովրդի վստահությունը վայելող մարդուն՝ նրա խաղաքարտերը խառնվել են, ամեն ինչ անում է նախկին վիճակը վերականգնելու համար»։
Հայաստանում, ըստ Ավետիսյանի՝ Ռուսաստանն ունի հեռախոսազրույցներ գաղտնալսելու ավելի մեծ հնարավորություններ, քան Հայաստանի հետախուզական ծառայությունները կամ մասնավոր անձինք.
«Ես հակված չեմ մտածելու, որ դա տեխնիկական հնարավորություններ ունեցող մասնավոր անձանց ձեռքի գործն է, հնարավոր է, որ անմիջական գործողությունները նաև այդպես են կատարվել, բայց դա համակարգի մի մասն է ընդամենը։ Մենք չենք ուզում մեր աչքերը բացել, տեսնել՝ ինչ է կատարվում։ Նաև դեռ հարց է՝ այս նոր պաշտոնյաների մի մասը մե՞րն են, թե՞ ոչ, որովհետև եթե նրանց կառավարման համակարգերը մեր չեն, ասենք՝ ԱԱԾ-ն, որքան էլ պարոն Վանեցյանը մերը լինի, մենք չենք կարող արդյունք ստանալ։ Ղեկավարը չի կարող ուրիշի համակարգը ծառայեցնել իր ազգային նպատակներին»։
Մարտի 1-ի գործի բացահայտման վերաբերյալ մեր հարցին ի պատասխան՝ Ավետիսյանն ասաց, որ չի կարելի Ռոբերտ Քոչարյանին մեղադրել միայն սահմանադրական կարգը տապալելու մեջ. «Նախ՝ սահմանադրական կարգը հնարավոր չէ տապալել, սահմանադրական կարգը ֆիզիկական երևույթ չէ։ Նրանք բոլորը հանցավոր համագործակցության ակտիվ մասնակիցներ են, և այդ անձինք պետք է իրավունքի սկզբունքի համաձայն՝ անցումային արդարադատության ատյանում կանգնեն դատարանի առաջ, պատասխան տան իշխանության յուրացման, պետությունը զավթելու համար։ Եթե թուրքը մեր հայրենիքի մեջ սպանում էր մեզ, ապա սրանք փորձեցին մեր մեջ սպանել հայրենիքը, դրա համար պետք է ամենախստագույն կերպով պատասխան տան»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում