«Հայաստանում այլևս չկան արտոնյալներ». Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Le Monde-ին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիա այցի ընթացքում հարցազրույց է տվել ֆրանսիական Le Monde պարբերականին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ իր՝ իշխանության գալուց հետո Հայաստանում այլևս չկան արտոնյալներ և արտոնություններ, աննախադեոպ պայքար են մղում ստվերային տնտեսության և կոռուպցիայի դեմ:
– Իշխանության գալուց չորս ամիս անց` Հայաստանում ի՞նչ եք կարողացել փոխել:
– Մամուլն այսօր ազատ է առավել, քան երբևէ: Առաջին անգամ երրորդ հանրապետության պատմության մեջ այլևս չկան արտոնյալներ կամ արտոնություններ: Մենք աննախադեպ պայքար ենք մղում կոռուպցիայի և ստվերային տնտեսության դեմ: Տնտեսական մենաշնորհներ այլևս չկան: Սեպտեմբերի 23-ին Հայաստանի մայրաքաղաքում կանցկացվեն քաղաքապետի ընտրություններ, որոնք պատմության մեջ ամենաազատը կդառնան: Ի տարբերություն այլ հեղափոխությունների, համենայն դեպս` նրանց, որոնք ինձ հայտնի են, մեր դեպքում հեղափոխությանը չհաջորդեց տնտեսության անկումը: Հակառակը, ցուցանիշները դրական են, կապիտալը վերադառնում է երկիր, անշարժ գույքի գներն աճում են, բանկերում ավանդներն աճում են: Մենք հաջողեցինք ժողովրդավարական կառավարման համակարգ ստեղծելու գործում:
– Ձեզ խորհրդարանն ընտրեց հանրային ճնշման ներքո, բայց այնտեղ շարունակում են մեծամասնություն կազմել նախորդ` Սերժ Սարգսյանի իշխանության օրոք ընտրված պատգամավորները: Դա ընդունելի՞ է:
– Երբ խորհրդարանն ինձ վարչապետ էր ընտրում, ես կարող էի միայն 4 ձայնի վրա հույս ունենալ, որից մեկը իմն էր: Այս խորհրդարանը սև բիծ է մեր քաղաքական իրականության մեջ, բայց մենք պետք է իրավիճակը տեսնենք իր հավասարակշռության մեջ: