Բաժիններ՝

Թրամփի վարչակազմի մասին նոր գիրքը վաճառքների ռեկորդ է սահմանել ԱՄՆ-ում

Ամերիկյան ժուռնալիստիկայի վետերան, The Washington Post թերթի խմբագրական կոլեգիայի անդամ Բոբ Վուդվորդի «Վախ: Թրամփն Սպիտակ տանը» գիրքը, որն ԱՄՆ-ում հայտնվել է սեպտեմբերի 11-ին, ռեկորդ է սահմանել վաճառքների թվաքանակով: Ինչպես հայտնել է այն թողարկած Simon & Schuster հրատարակությունը, միայն առաջին 24 ժամվա ընթացքում վաճառվել է 750 հազար օրինակ:

Սա աննախադեպ ցուցանիշ է 94 տարի առաջ հիմնադրված հրատարակության համար։«Հաշվի առնելով նախնական պատվերների հսկայական թիվը եւ հանրության անհավանական հետաքրքրությունը՝ կարելի է հասկանալ, որ հասարակության մեջ այն բանի հսկայական պահանջարկ կա, ինչը Վուդվորդը անվանում է պատմության «հանգուցային պահը»,-հայտարարել է Simon & Schuster-ի ղեկավար Ջոնաթան Քարփը:

Հրատարակությունը ճշտել է, որ վաճառված օրինակների ընդհանուր թվաքանակը ներառում է տպագիր հրատարակությունները, աուդիոգրքերը, ինչպես նաեւ թվային պատճենները համակարգչային սարքերում ընթերցելու համար: Քանի որ «Վախը» իսկույն հայտնվեց բեսթսելլերների թվում, տպագրությունում պատվիրվել է գրքերի արդեն վեցերորդ խմբաքանակը, եւ դրանց տպագիր օրինակների թիվը կկազմի 1,15 միլիոն:

Վուդվորդի նոր աշխատությունը հիմնված է Սպիտակ տան նախկին ու ներկայիս աշխատակիցների հետ բազմաթիվ հարցազրույցների վրա, որոնք պատմել են այն բավականին տգեղ բարքերի մասին, որոնք տիրում են Թրամփի վարչակազմում: Սպիտակ տանը գիրքը որակել են «կեղծված պատմությունների» ժողովածու, որոնք շարադրել են «դժգոհ նախկին աշխատակիցները, ովքեր ցանկանում են նախագահին ներկայացնել վատ կողմերով», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս