«ԵԱՏՄ-ի երկրների տնտեսությունների խորը ինտեգրացումը պետք է կատարելագործվի պրոտեկցիոնիզմի համաշխարհային միտման հաշվառմամբ». Տիգրան Սարգսյան
Եվրասիական տնտեսական միությունն ընթանում է խորը ինտեգրացման ճանապարհով, եւ ինտեգրացման այդ մոդելը պետք է կատարելագործվի համաշխարհային միտումների հաշվառմամբ, որոնցում նկատելի են պրոտեկցիոնիզմի ուժեղացման տարրերը: Այդ մասին հայտարարել է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը՝ Վլադիվոստոկում ելույթ ունենալով «Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ժամանակակից ինտեգրացիոն օրակարգը. բաց դռների քաղաքականություն, թե պրոտեկցիոնիզմ:
Դասեր ԵԱՏՄ-ի համար» բանավեճի ընթացքում, որը սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել Արեւելյան տնտեսական համաժողովի շրջանակներում: Բանավեճի մասնակիցները քննարկել են ժամանակակից ինտեգրացիոն օրակարգի վերջին միտումները եւ Եվրասիական տնտեսական միության գործելակերպը առեւտրատնտեսական գործընթացների բնույթի փոփոխման պայմաններում: Մի կողմից՝ այսօր Ասիախաղօվկիանոսյան տարածաշրջանում (ԱԽՏ) եւ դրա սահմաններից դուրս աճում են հովանավորական տրամադրությունները եւ սրվում են առեւտրական հակամարտությունները, մյուս կողմից՝ պահպանվում է հանձնառությունը համատեղ տնտեսական զարգացման սկզբունքներին՝ ի հաշիվ տնտեսական ինտեգրացման:
«Այսօր ԱԽՏ-ն գտնվում է համաշխարհային փոփոխությունների առաջնագծում եւ բառացիորեն աշխարհի բոլոր տնտեսությունների ուշադրության կենտրոնում, որովհետեւ այն համաշխարհային տնտեսական աճի հիմնական դրայվերն է: Այդ թրենդը կպահպանվի նաեւ առաջիկա տասնամյակում, ուստի տարածաշրջանի հետ համագործակցության ձեւերը հետաքրքրություն կներկայացնեն,-նշել է Տիգրան Սարգսյանը:- ԵԱՏՄ-ն բավականին երիտասարդ միավորում է: Ակներեւ է, որ այն մոդելը, որը մենք որպես հիմք ենք ընդունել, այն է՝ հինգ տնտեսությունների խորը ինտեգրացումը՝ վերազգային մարմնի ձեւավորմամբ, պետք է կատարելագործվի գլոբալ թրենդների հաշվառմամբ, որպեսի մեր միավորումը առավելագույն տնտեսական օգուտներ ստանա»:
ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը հիշեցրել է այն հիմնարար փոփոխությունների մասին, որոնք տեղի են ունենում աշխարհում, ներառյալ Անդրխաղաղօվկիանոսյան եւ Անդրատլանտյան գործընկերությունների վերաբերյալ համաձայնագրերի «սառեցումը»:
Տիգրան Սարգսյանի խոսքով՝ ԵԱՏՄ-ն ընթանում է ինտեգրացման ճանապարհով, դա է միության առաքելությունը: «Մենք ձգտում ենք վերացնել արգելքները, բացառումներն ու սահմանափակումները, դրանում ներուժ ենք տեսնում տնտեսական աճի համար, բայց գոյություն ունեն նաեւ գլոբալ թրենդներ, որոնք չեն կարող չազդել մեր տնտեսությունների վրա, նշել է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը: