Ինչ են խոսել Արթուր Վանեցյանն ու Նիկոլ Փաշինյան. մանրամասնում է վարչապետը

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Սարդարյանը մեջբերեց ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հաղտնալսված հեռախոսազրույցի մի հատված, որտեղ խոսվում էր Յուրի Խաչատուրովի մասին, և հետաքրքրվեց, թե արդյոք այդ թեմայով զրուցե՞լ են Ն.Փաշինյանի հետ և ի՞նչ է եղել նրա պատասխանը:

Վարչապետը պատասխանեց, որ երբ ՀՔԾ պետի թեկնածու է առաջադրել, թեկնածուի հետ պայմանավորվել է, որ բոլոր գործերը պետք է քննվեն օրենքի տառին համապատասխան, չկան ՀՀ-ում անձեռնմխելի մարդիկ, և եթե քննության ընթացքը որևէ պարագայում հանգեցնում է որևէ մեկին ձերբակալելու և կալանավորելու անհրաժեշտության, ապա պետք է այդ գործողությունն արվի՝ անկախ նրանից, թե ում մասին է խոսքը, անգամ եթե խոսքն իր ընտանիքի անդամի մասին է:

Ն.Փաշինյանը նշեց, որ դրանից հետո ժամանակ առ ժամանակ փորձ է արվում ավանդույթների համաձայն իր հետ ճշտել՝ արդյոք կարելի՞ է ՀՀ-ում օբյեկտիվ քննություն իրականացնել և իրավաբանական տեսակետից որևէ մեկին ձերբակալելու և կալանավորելու անհրաժեշտություն կա, ապա այդ գործողությունները քննչական մարմինները պետք է իրականացնեն:

«Ես իմացել եմ դրա մասին ԱԱԾ տնօրենից, որ ՀՔԾ-ն այդպիսի որոշում է կայացնում, երբ ես տեղեկացել եմ այդ իրավիճակի մասին, ես այդ ժամանակ Սանկտ Պետերբուրգում եմ եղել, ասել եմ, որ ինչպես պայմանավորվել ենք, որևէ խոչընդոտ չկա և, եթե քննչական մարմինը գտնում է, որ որևէ մեկին պետք է ձերբակալել, որևէ մեկին պետք է կալանավորել, դրա համար որևէ խոչընդոտ չկա, դա պետք է տեղի ունենա: Եվ ես հիմա այս դիրքորոշումը վերահաստատում եմ ԱԺ ամբիոնից, վերահաստատել եմ նախինում և կվերահաստատեմ ապագայում»,- ասաց Ն.Փաշինյանը:

Կարդացեք նաև

Շ.Սարդարյանը նաև հետաքրքրվեց՝ եթե Ն.Փաշինյանի հեռախոսային խոսակցությունները հայտնվեն համացանցում, ի՞նչ կարող է լինել:

«Ես կարող եմ իմ ունեցած խոսակցությունները հրապարակել ինքս ցանկացած պահի, ես որևէ խնդիր չունեմ: Չի կարող լինել ձայնագրություն, որը դուրս է իմ այս նշած սկզբունքից և տրամաբանությունից»,- պատասխանեց Ն.Փաշինյանը:

Նա նկատեց, որ պատգամավորի փոխարեն հարցն ավելի հետաքրքիր կձևակերպեր՝ ինչպե՞ս եղավ, որ Յուրի Խաչատուրովը չհայտնվեց կալանքի տակ: Ըստ նրա՝ դա ավելի ինտրիգային կլիներ, բայց ժամանակը չի ներում և՛ հարցը ձևակերպել, և՛ պատասխանը: Վարչապետը պատրաստակամություն հայտնեց պատասխանել նման հարցի:

Տեսանյութեր

Լրահոս