«Շանթ-2018». Զորավարժության սցենարով Հայաստանը վերադարձրել է պայմանականորեն կորցրած տարածքները
«Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժությունների սցենարի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը վերադարձրել է պայմանականորեն կորցրած բոլոր տարածքները: Այս մասին ՀՀ ՊՆ-ում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:
«Ըստ զորավարժության, բոլոր կորցրած տարածքները մենք վերադարձրել ենք: Հակառակորդն ունի տեղաշարժ չեզոք գուտում, որը խոչընդոտվել է: Սակայն, ըստ սցենարի, մեր բոլոր սահմանամերձ բնակավայրերը ենթարկվել են հրետակոծության, ունենք զոհեր և վիրավորներ: Զինված ուժերն իրականացնում եմ կրակակետերի ճնշում: Երկրում այս պահին ռազմական դրություն հայտարարված չէ, սակայն իրավիճակը տանում է նրան, որ համապատասխան որոշում կայացվի Կառավարության կողմից»,- նշեց Դավթյանը:
Դավթյանի խոսքով՝ այժմ նախապատրաստվում են բոլոր տեղական ինքնակառավարման մարմինները՝ պետությունում ռազմական դրություն հայտարարելու դեպքում զորահավաք անցկացնելու միջոցառումները ժամանակին իրականացնելու համար:
Հիշեցնենք, որ համապետական նշանակության «Շանթ-2018» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը: Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը: