
«Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը շատ շուտով նոր հանդիպում կունենան»

Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը շատ շուտով նոր հանդիպում կունենան: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց հենց Մնացականյանը՝ հրաժարվելով, սակայն, այս պահին հստակ ժամկետներ նշել:
«Ես փորձում եմ այդ հարցում լինել շատ կոռեկտ և հայտարարություններ անել համաձայնեցված կերպով: Հանդիպման մասին մենք կհայտարարենք (խմբ.- Ադրբեջանի հետ) համաձայնեցված կերպով, որպեսզի պահպանենք միմյանց նկատմամբ հարգանքը»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը:
Նա հիշեցրեց, որ հայկական կողմը ներգրավված է բանակցային գործընթացում: «Մենք
արտահայտել ենք մեր հավատարմությունը խաղաղ բանակցությունների գործընթացին:
Հուլիսին հանդիպում եղավ Բրյուսելում, պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակելու գործընթացը, կազմակերպելու հաջորդ հանդիպումը: Այդ հանդիպումը տեղի է ունենալու շատ շուտով: Համաձայնեցված ձևով կխոսենք այդ մասին»,- նշեց Մնացականյանը:
ՀՀ արտգործնախարարի պաշտոնում Զոհրաբ Մնացականյանի առաջին հանդիպումն Ադրբեջանի գործընկերոջ՝ Մամեդյարովի հետ տեղի էր ունեցել հուլիսի 11-ին: