
«Արարատի մարզպետը ոտնահարում է Աշխատանքային օրենսդրությունը, ՀՀ Սահմանադրությունը». GD LAW FIRM ընկերություն

«Մեր ընկերությունը լրջորեն անհանգստացած է Արարատի մարզպետի կողմից օրենքի կոպտագույն խախտումներով իրականացվող քաղաքականությամբ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վերջերս Արարատի մարզպետն ապօրինի կարգադրություն էր արձակել Արտաշատի բժշկական կենտրոնի տնօրենին իր պաշտոնից ազատելու համար: Հիմա էլ մարզպետն անցել է մարզի թոշակային տարիքի հասած մանկավարժներին աշխատանքից ազատելու գործընթացին:
Անձանց թոշակային տարիքի հիմքով աշխատանքից ազատելն արգելվում է ՀՀ Աշխատանքային օրենսգրքով: ՀՀ Սահմանադրական դատարանը 11 հոկտեմբերի 2011 թ. թիվ ՍԴՈ-991 որոշմամբ ևս հակասահմանադրական է ճանաչել ինքնին կենսաթոշակային տարիքի լրանալու հիմքով անձին աշխատանքից ազատելը՝ այն դիտարկելով նաև խտրականության դրսևորում, որն արգելված է ՀՀ Սահմանադրությամբ: Սահմանադրական դատարանը իր որոշմամբ արձանագրել է, որ պետության հիմնական խնդիրներից է բացառել տարիքային հիմքով գործատուի հայեցողական նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի միակողմ լուծման հնարավորությունը:
Ստացվում է, որ Արարատի մարզպետը դպրոցների տնօրեններին կարգադրելով կենսաթոշակային տարիքի հասած մանկավարժներին ազատել աշխատանքից, իրականացնում է պետության հիմնական խնդրին հակառակ գործողություն, ոտնահարում Աշխատանքային օրենսդրությունը, ՀՀ Սահմանադրությունը:
Ու այս ամենի մեջ զավեշտալին այն է, որ աշխատանքային օրենսգիրը նույնիսկ նախատեսում է որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի կնքում կենսաթոշակային տարիքի անձանց հետ»:
https://www.facebook.com/GDLAWFIRMLLC/posts/857002104689352
GD LAW FIRM