«Կամ Արարատի մարզպետը դավաճանում է Փաշինյանին ու ի վնաս գործողություններ անում, կամ …»
GD LAW FIRM-ը ֆեյսբուքյան իր պաշոնական էջում գրում է․
«Մի քանի նախադասությամբ փորձեմ կրկին անդրադառնալ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի կողմից Արտաշատի բժշկական կենտրոնի առայժմ նախկին տնօրեն Սոկրատ Հախվերդյանին աշխատանքից ազատելու խնդրին: Արտաշատի բժշկական կենտրոնը փակ բաժնետիրական ընկերություն է, որի միակ հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է:
Արարատի մարզպետը, հիմք ընդունելով Բաժնետիրական ընկերությունների մասին ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասը (Ժողովն իրավունք ունի ցանկացած ժամանակ լուծել միանձնյա գործադիր մարմնի հետ կնքած պայմանագիրը) որոշել է օգտվել օրենքով պայմանականորեն տրված հնարավորությունից և ըստ էության ձերբազատվել ոչ իր կադրից: Բայց պետք է նշել, որ ՀՀ Սահմանադրությունը, որ օժտված է առավել բարձրագույն իրավաբանական ուժով, հենց հանրային իշխանության մարմինների համար ամրագրել է զսպող նորմ՝ սահմանելով, որ Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:Ավելին, Սահմանադրություն որպես հիմնարար իրավունք է նախատեսել նաև աշխատանքից անհիմն ազատվելու անթույլատրելիությունը: Համանման իրավական դրույթ է առկա նաև ՀՀ-ի կողմից վավերացված միջազգային պայմանագրերում: Հետևաբար այն ինչ թույլատրելի է անհատ-անհատ հարաբերություններում, պետությունը Սահմանադրության միջոցով իրեն զսպաշապիկ է հագցրել և արգելում է որևէ գործողության կատարում, որը կստորադասի անհատի հիմնարար իրավունքի ստորադասումը:
Փաստորեն, պետությունն իրեն զրկել է Բաժնետիրական ընկերությունների մասին ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված նորմի կամայական, ցանկացած պահի կիրառման իրավունքից: Սա նշանակում է, որ Արարատի մարզպետն ուղղակի իրավունք չուներ կամայականորեն, պարզապես իր սրտի ցանկությամբ առաջնորդվեր և Ս.Հախվերդյանին ազատեր աշխատանքից: Առանց հիմքի աշխատանքից ազատելը նաև խտրականության վառ դրսևում է, որը ևս արգելված է ՀՀ Սահմանադրությամբ: Հիմա ստացվում է մի իրավիճակ, երբ Նիկոլ Փաշինյանն իր ամեն խոսքում վկայակոչելով մարդու իրավունքների գերակայության, ժողովրդի իշխանության աղբյուր լինելու սկզբունքը, բայց ըստ էության Արարատի մարզում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ներկայացնող Գարիկ Սարգսյանը բոլորովին այլ քաղաքականություն է իրականացնում, ոտնահարում է ՀՀ Սահմանադրություն, Փաշինյանի կողմից մշտապես վկայակոչվող՝ անձի իրավունքների գերակայության սկզբունքը և ՀՀ-ի կողմից ստորագրված միջազգային պայմանագրերը:
Հետաքրքիր իրավիճակ է, որը իրապես խորհելու տեղիք է տալիս, կամ Արարատի մարզպետը դավաճանում է Փաշինյանին ու ի վնաս գործողություններ անում, կամ …»։