«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հրապարակել է նախընտրական ծրագիրն ու ծրագրի սեղմագիրը

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հրապարակել է Երեւանի ավագանու 2018 նախընտրական ծրագիրը եւ ծրագրի սեղմագիրը:

«Արմենպրես»-ը ներկայացնում է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախընտրական ծրագրի սեղմագիրը, որը տրամադրել է «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայությունը:

ԵՐԵՎԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեւանի կառավարումը տեղի է ունենալու բաց կառավարման գործընկերության շրջանակներում: Հանրային շահ ներկայացնող հարցերի վերաբերյալ տեղի են ունենալու բաց հանրային լսումներ, քննարկումներ եւ տեղական հանրաքվեների անցկացում: Թվայնացվելու եւ հրապարակվելու են Երեւանի սեփականություն հանդիսացող գույքի եւ բյուջեի տնօրինման, տիրապետման եւ օգտագործման վերաբերյալ տվյալները: Բարձրացվելու է Երեւան քաղաքի համայնքային դերը եւ անցում է կատարվելու որոշում կայացնող ազատ մարմնի:

ՀՈՂԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեւանի հողային քաղաքականությունը հիմնվելու է տնտեսական զարգացման խթանման, սոցիալական արդարության, հավասարության եւ կայունության վրա: Հողային քաղաքականությունն ապահովելու է՝ հողի կայուն կառավարում եւ վերահսկողություն, բնական ռեսուրսների եւ շրջակա միջավայրի պահպանություն, հայրենադարձներին եւ սոցիալապես անապահովներին հողամասերի տրամադրում:

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքաշինության քաղաքականությունն ուղղված է լինելու ազատ մրցակցային դաշտի ձեւավորմանը, կամայականությունների վերացմանը, կառուցապատման օրենսդրական դաշտի բարելավմանը՝ Երեւան քաղաքի հողօգտագործման եւ կառուցապատման նորմատիվ կանոնակարգ-օրենքի ընդունմամբ: Երեւանի զարգացումն ընթանալու է համաձայն քաղաքի անցած ուղու՝ հիմնվելով մշակութային ժառանգության վրա եւ պահպանելով մշակութային բոլոր շերտերն ու դրանք հնարավորինս վերականգնելով:

Բնակելի ֆոնդի սոցիալական քաղաքականություն

Բնակարանային ոլորտի ազգային համապարփակ ռազմավարության ընդունում: Տեխնիկական անբավարար վիճակում գտնվող շենքերի ամրացում, վթարային շենքերի քանդում եւ նորերի կառուցում, տանիքների վերանորոգում` արդիականացում, քաղցկեղածին (օրինակ՝ ասբեստային) տանիքների վերացում, ջրամատակարարող եւ ջրահեռացման ցանցերի արդիականացում, վերելակների փոխարինում, շքամուտքերի եւ շենքերի արտաքին պատերի վերանորոգում:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեւանի հաշմանդամություն ունեցող բնակչության համար նորմատիվ պահանջներին համապատասխան ենթակառուցվածքների ստեղծում: Փողոցների եւ բակերի որակյալ բարեկարգում եւ հիմնանորոգում, զավթված մայթերի վերադարձ եւ նոր մայթերի կառուցում, լուսավորման ժամանակակից եւ խնայողական միջոցների կիրառում, հեծանիվային ուղիների կառուցում:

ՀԱՆՐԱՅԻՆ ԵՎ ՄԱՍՆԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեւանի հանրային տրանսպորտի ցանցի արդյունավետ շահագործում` ավտոբուսների, տրոլեյբուսների եւ մետրոյի ինտեգրված ամբողջական համակարգի միջոցով: Կենտրոնացված եւ միասնական վճարման համակարգի ներդնում, որը ներառում է սոցիալական փաթեթներ ուսանողների, թոշակառուների եւ սոցիալապես անապահով խավի համար, Աջափնյակ կայարանի ավարտական կառուցման աշխատանքներ եւ այդ ուղղությամբ երկու կայարանի բացում: Օպերայի (Կարապի լճի) հարակից տարածքից դեպի Երիտասարդական մետրոյի կայարան գնացող մուտքի բացում եւ Արշակունյաց պողոտայի հարեւանությամբ նոր կայարանի բացում: Տրամվայի շահագործում, ճոպանուղի-ֆունիկլորի զարգացում (Նոր Նորք-Կենտրոն, Սարի Թաղ-Կենտրոն եւ այլն):

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ եՎ ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Կոշտ թափոնների ժամանակակից կառավարման քաղաքականություն` թափոնների գոյացման կանխում, աղբի տեսակավորում եւ վերամշակում, այլընտրանքային էներգիայի արտադրություն: Երեւանի շենքերի եւ տարածքների շահագործում՝ օգտագործելով այլընտրանքային էներգիայի աղբյուրների միջոցներ: Ջրհեղեղների եւ երկրաշարժերի աղետալի գործոնը նվազեցնելու նպատակով համալիր գործողությունների ծրագրի իրականացում:

ՔԱՂԱՔԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ Եվ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքի բարեկարգման եւ այգիների շինարարության իրականացում թամանյանական սկզբունքների, արդի համաշխարհային եւ երեւանցիների պահանջներին համահունչ: Երեւանի «շնչուղիներն ու թոքերը» հանդիսացող կանաչ զանգվածների վերականգնում: Երեւանի Բուսաբանական այգու վերականգնման եւ արդյունավետ շահագործման ծրագրի իրականացում, Երեւանյան լճի մաքրում եւ հարակից այգու վերականգնում: Հին ջրավազանների վերականգնում եւ նորերի կառուցում: Բնակելի տների եւ ուսումնական հաստատությունների հարեւանությամբ գործող օբյեկտներից արձակված աղմուկի, հոտի եւ համակեցության կանոնները խախտող այլ դեպքերի վերաբերյալ կանխարգելիչ եւ պատժիչ վերահսկողական գործառույթների իրականացում: Կենդանիների համար առանձնացված զբոսանքի վայրերի հիմնում:

ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար խթանող պայմանների ստեղծում, փողոցային առեւտրի թույլատրում, շարժական (մոնտաժվող) գյուղատնտեսական շուկաների ստեղծում (առանց վարձավճարի) բնակելի թաղամասերում սահմանված վայրերում, ուր շաբաթը երկու անգամ գյուղացիները կկարողանան վաճառել իրենց ապրանքները:

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեւան քաղաքի մշակութային արժեքների գովազդում: Երեւան-Լոս Անջելես ուղիղ չվերթի բացում: Երեւանի հնավայրերի ներկայացում զբոսաշրջության եւ գիտական ուսումնասիրության տեսանկյունից: Երեւանի մշակութային հաստատությունների ներկայացում: Բնական լանդշաֆտի` Արարատի եւ Արագածի տեսարանների պատկերների՝ որպես ազգային զբոսաշրջության խորհրդանիշի ներկայացում: Երեւան քաղաքի ենթակառուցվածքների արդիականացում: Զբոսաշրջիկներին սպասարկող ծառայությունների բարելավում: Առեւտրի կենտրոնների, հյուրանոցային ու ռեստորանային ծառայությունների, մշակութային հաստատությունների լիարժեք հագեցվածությամբ ունենալու ենք ժամանակակից քաղաքակիրթ սպասարկման ենթակառուցվածքներ: Հանրային զուգարանների տեղադրում:

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեւանը դարձնելու ենք մշակութային կամուրջ աշխարհի մշակութային գործիչների համար: Նյութական աջակցություն ենք ցուցաբերելու երիտասարդ արվեստագետներին` իրենց ստեղծագործությունները տպագրելու եւ տարածելու համար:

Վերնիսաժը գործելու է որպես երեւանյան մշակույթի անբաժան մաս:

Վերահաստատելու ենք 1980-ականների «Հուշարձան-շենքերի պահպանության» ցուցակը, որում ընդգրկված բոլոր շենք-հուշարձանները գտնվելու են հատուկ ուշադրության կենտրոնում:

Բացելու ենք (վերաբացելու ենք) Ալեքսանդր Թամանյանի անձնական թանգարանը: Հիմնելու ենք Երեւան TV (մշակութային եւ կրթական հաղորդումներ):

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կրթության համար գումարներ չեն տնտեսվելու, իսկ ցանկացած լրացուցիչ եկամուտ առաջին հերթին ուղղվելու է դեպի կրթություն:

Ուսուցչի սոցիալական ապահովվածությունն առաջնահերթություն է: Երեւան քաղաքի լրացուցիչ եկամուտներն առաջին հերթին տրամադրվելու են ուսուցիչների սոցիալական ապահովությանը: Բոլոր վարչական շրջաններում առնվազն թվով 3 դպրոցներ ապահովվելու են ներառական կրթություն ստացող աշակերտների համար անհրաժեշտ պայմաններով:

Աշակերտների համար կազմակերպվելու են` ամսական երկու անգամ թատրոն կամ թանգարան (պատկերասրահ) այցելություններ, քաղաքային գրադարաններում ամիսը մի քանի անգամ աշակերտների համար ընթերցումներ եւ քննարկումներ՝ քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների, հայագիտության եւ հայրենաճանաչողության վերաբերյալ: Նախադպրոցական հաստատությունները հասանելի են լինելու բոլոր նախադպրոցական տարիքի երեխաների համար:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքային միջոցների հաշվին սոցիալապես անապահով շերտերին, անօթեւան խավերին ժամանակավոր բնակելի կացարանների տրամադրում եւ սոցիալական բնակարանաշինության իրականացում:

2000-ականներից սկսված, այսպես կոչված՝ հանրային կարիքների համար ծրագրով երեւանցիներից ապօրինի օտարված բնակարանների եւ հողերի վերաբերյալ՝ տուժած քաղաքացիների իրավունքների վերականգնմանն ուղղված ծրագրի իրականացում: Երեւանի անտառների, կանաչ եւ կառուցապատման ոչ ենթակա հողերի վրա կառուցված շենքերի եւ շինությունների նկատմամբ գույքահարկի եւ հողի հարկի հատուկ սահմանում:

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեւանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող առողջապահական բոլոր հիմնարկները հիմնանորոգվելու են, գույքի եւ բժշկական պարագաներն արդիականացվելու են: Առաջնային բժշկական ծառայությունները լինելու են հասանելի:

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Երեւանում առկա հանրային խնդիրների վերաբերյալ մշտադիտարկման իրականացման, հանրային իրազեկման մակարդակի բարձրացման, բնապահպանական, հանրային շահի եւ այլ հարցերի պաշտպանության իրականացման համար հանրային քննարկումների անցկացումը տեղի է ունենալու պարբերաբար հստակ սահմանված ընթացակարգով եւ ժամանակացույցով: Ամիսը մեկ անգամ կազմակերպվելու է բնակիչների ընդունելություն Քաղաքապետի հետ:

ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱԽՍԵՐԻ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեւանում բնակելի շենքերի վերջնական սպառողների (բնակչության) եւ էլեկտրաէներգիայի, գազի ու ջրի մատակարարման հանրային ծառայությունների եւ ցանցային ընկերությունների միջեւ գործող ուղղակի պայմանագրային հարաբերությունների համակարգը բարելավելու ենք` վերանայման եւ խիստ վերահսկողության միջոցով ապահովելու ենք որակյալ եւ անխափան աշխատանքներ (աղբահանություն, փողոցների եւ բակերի մաքրում, ջրամատակարարում եւ ջրահեռացում, գազամատակարարում, էլեկտրաէներգիայի ապահովում):

ԿՈՌՈՒՊՑԻԱ, ՀԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԲՅՈՒՋԵ

Երեւանը պահելու ենք կոռուպցիայից զերծ: Բարձրացնելու ենք գույքահարկի դերը՝ այն տարբերակելով ըստ գույքի չափերի եւ գոտիականության։ Բացառելու ենք օֆշորային գոտիներում գրանցված ընկերություններին համայնքային գույքի սեփականաշնորհումը, պատվերների ընդունումը եւ գնումների մասնակցությունը:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Տեղայնացման միջոցով ներդնելու ենք Երեւանի քույր, գործընկեր եւ այլ հայաշատ քաղաքների քաղաքային տնտեսության լավագույն փորձը եւ մոդելները, ապահովելու ենք խորը եւ համապարփակ համագործակցություն այդ քաղաքների հետ:

ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ

Կառուցելու ենք կենցաղային թափոնների վերամշակման, վերելակների արտադրության (հավաքման) գործարաններ, ներդնելու ենք այլընտրանքային էներգիայի արտադրության համալիրներ:

Տեսանյութեր

Լրահոս