Եկամտային հարկի մասին
Ինչպես հայտնի է, կառավարությունը ներկայումս աշխատում է Հարկային օրենսգրքի փոփոխությունների վրա և պատրաստվում է մինչև տարեվերջ լրջորեն բարեփոխել ՀՕ-ն։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան լայվի միջոցով երկու օր առաջ մի փոքր բացեց Հարկային օրենսգրքի հնարավոր փոփոխությունների փակագծերը և նշեց, որ, մասնավորապես, եկամտային հարկի մասով առաջարկվում է երկու տարբերակ՝ համահարթ 23% եկամտային հարկ և երկաստիճան համակարգ։ Վարչապետը նաև կոչ արեց ակտիվ քննարկել առաջարկվող տարբերակները և ներկայացնել առաջարկներ և դիտողություններ, եթե այդպիսիք կլինեն։
Ի՞նչ ունենք այժմ
«Կարծում ենք, որ գործող հարկային համակարգը վատն է, քանի որ խրախուսում է ստվերը և չի խրախուսում աշխատավարձերի բարձրացումը»,- Ֆեյսբուքով ասաց վարչապետը։ Իսկ եկամտային հարկի ի՞նչ համակարգ ունենք այժմ։
2016թ. վերջին ընդունված Հարկային օրենսգրքով սահմանվեց եկամտային հարկի եռաստիճան համակարգը։ Այն է՝
Մինչև 150 000 դրամ՝ 23%,
150 001 դրամից մինչև 2 մլն դրամ՝ 34 500 դրամ՝ գումարած 150 000 դրամը գերազանցող գումարի 28%-ը,
2 000 001 դրամից ավելի՝ 552 500 դրամ՝ գումարած 2 մլն դրամը գերազանցող գումարի 36%-ը։
Դրանից առաջ նույնպես եռաստիճան համակարգ էր, սակայն տարբեր էին դրույքաչափերն ու շեմերը։ Նախկին օրենսդրությամբ եկամուտը հարկվում էր հետևյալ մեխանիզմով.
Մինչև 120 000 դրամ՝ 24.4%,
120 001 – 2 000 000 դրամ՝ 29 280 դրամ՝ գումարած 120 000 դրամը գերազանցող գումարի 26%-ը,
2 000 000 դրամից ավելի՝ 518 080 դրամին գումարած 2 000 000 դրամը գերազանցող գումարի 36%:
Ինչ է առաջարկում կառավարությունը
Վարչապետի խոսքով՝ կա եկամտային հարկի փոփոխությունների մի քանի առաջարկ, որոնցից նա առանձնացրեց երկուսը։
- Հարկման երեք սանդղակի փոխարեն ձևավորել երկու սանդղակ: Ըստ այդմ, սահմանել, որ մինչև 250 000 դրամ աշխատավարձ ստացողները վճարեն 20% եկամտային հարկ, իսկ դրանից ավելի աշխատավարձ ստացողները հարկվեն եկամտային հարկի 25% դրույքաչափով։
- Համահարթեցված (flat) համակարգ։ Այն է՝ սահմանել 23% համահարթ եկամտային հարկ, շահութահարկ + դիվիդենտի հարկ։ Այսինքն, ունենալ այնպիսի հարկային համակարգ, որ և՛ եկամտահարկը բոլոր չափի աշխատավարձերի համար լինի 23%, և՛ շահութահարկի և դիվիդենտի հարկի հանրագումարը ևս լինի 23%։ Այսինքն՝ ունենանք համահարթ եկամտային հարկ և շահութահարկ։
Վարչապետը նաև խոսեց առաջարկվող 2 համակարգերի առավելությունների և թերությունների մասին, որից հետո Կառավարության պաշտոնական էջն ամփոփ ներկայացրեց դրանք։ Ստորև բերվում են հենց վարչապետի/կառավարության նկատառումները
ԱՌԱՋԻՆ տարբերակի
ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ/ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Այս պարագայում որոշակի չափով կավելանան մինչև 250 000 դրամ աշխատավարձ ստացողների եկամուտները։ Երկաստիճան համակարգն ըստ էության շարունակում է խրախուսել ստվերային աշխատավարձը, որովհետև եթե ունենք երկու սանդղակ և դրանից մեկը ցածր է շահութահարկ + դիվիդենտի հարկ կոմբինացիայից, գործատուները էլի կարող են շահագրգռված լինել բուն աշխատավարձերը չվճարելու համար, որ պակաս հարկվեն։
ԵՐԿՐՈՐԴ տարբերակի
ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ/ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Բոլոր պոտենցիալ ներդրողների առաջին հարցը հետևյալն է՝ արդյոք ձեզ մոտ գոյություն ունի եկամտահարկի և շահութահարկի հարթ տարբերակ։ Եվ սա պոտենցիալ ներդրողների համար բավական կարևոր հարց է։
- Հարկային համակարգի պարզություն։
- Այս տարբերակը, ըստ էության, խրախուսում է, որ աշխատավարձի ստվերային մասերը դուրս գան ստվերից։
- Մենք համարում ենք, որ եկամտային հարկի փոփոխությունը, լավ կլինի, շարունակվի։ Եթե գանք ընդհանուր համաձայնության, ըստ էության, կառավարությունը պատրաստ է ստանձնել պարտավորություն, որ առաջիկա տարիների ընթացքում տարեկան նվազագույնը 0,5%-ով համահարթ եկամտային հարկն իջեցնելու է, այդպիսով առաջիկա 5 տարիների ընթացքում հասնելով միասնական 20%-ի։
Դատելով վարչապետի խոսքից և յուրաքանչյուր տարբերակին հատկացված ուշադրությունից՝ կարելի է ենթադրել, որ կառավարությունն առավել հակված է երկրորդ տարբերակին՝ ունենալ համահարթեցված համակարգ՝ մեկ միասնական դրույքաչափով։
Ի՞նչ կարծիք ունեն տնտեսագետները
Թեպետ վարչապետը խոսեց հասարակական ակտիվ քննարկման մասին, ակնհայտ է, որ եկամտային հարկի թեման համաժողովրդական քննարկման հարց չի կարող լինել։ Այն պարզ պատճառով, որ բնական է՝ յուրաքանչյուրը կողմ կլինի այն տարբերակին, որն իր փաստացի եկամուտն ավելացնելու է։
Ցածր` մինչև 250 000 դրամ աշխատավարձ ստացողները կողմ կլինեն երկրորդ տարբերակին, քանի որ 3%-ով կնվազի իրենց հարկը։
Բարձր աշխատավարձ ստացողները կողմ կլինեն 23% համահարթեցված տարբերակին, քանի որ ներկայիս 28%-ի կամ 36%-ի փոխարեն՝ ավելի քիչ հարկ են վճարելու։
Իսկ թե տնտեսության համար երկարաժամկետ առումով ո՞ր տարբերակն է ավելի ճիշտ՝ առաջի՞նը, երկրո՞րդը, թե՞ կա մեկ այլ՝ ավելի ճիշտ տարբերակ, էս հարցին պետք է պատասխանեն տնտեսագետները։
ԲԱՅՑ
Տնտեսագետներն այս հարցին լիարժեք չեն կարող պատասխանել՝ այն էլ շատ արագ։ Որովհետև տնտեսագետը պիտի հասկանա, թե այդ փոփոխություններից յուրաքանչյուրը բյուջեի եկամուտների վրա ինչ ազդեցություն ունի։ Նա պիտի նաև ամբողջական ինֆորմացիա ունենա, թե բյուջեի կորուստն ինչպե՞ս է փոխհատուցվելու։ Ասենք՝ համահարթեցված տարբերակին անցնելու ժամանակ պետբյուջեի կորուստը լրացվելու է ստվերի կրճատման հաշվի՞ն, թե՞ այլ հարկատեսակների։
Եթե ստվերի, ուրեմն տնտեսագետը պետք է որոշ «ներքին օգտագործման» ինֆորմացիա ունենա՝ իրական վիճակի մասին։ Նա պետք է տվյալներ ու ռեսուրսներ ունենա ոչ միայն բյուջեի եկամուտների, տնտեսության վրա հարկային փոփոխությունների երկրորդային ու երրորդային ազդեցությունների գնահատելու համար։ Որովհետև հնարավոր է՝ որևէ փոփոխությունից բյուջեի եկամուտները կարճաժամկետ առումով նվազեն, բայց տնտեսական էֆեկտը հետո այնքան մեծ լինի, որ փոխհատուցի էդ վնասն ու օգուտ տա տնտեսությանը։
Սակայն, երբ պարզապես ասվում է, որ երկրորդ տարբերակը, ըստ էության, խրախուսում է, որ աշխատավարձի ստվերային մասերը դուրս գան ստվերից, տնտեսագետի համար դա բավարար չէ։ Տնտեսագետին կա՛մ պետք է ցույց տաս վերլուծությունը, որտեղ երևում է, թե այդ ստվերային մասերը որքան են, հետո որքան կդառնան և ինչ ժամանակում, պետք է ցույց տաս, թե ինչ մոդելով ես հաշվարկն արել, և այլն։ Կամ էլ պետք է նրան տրամադրես անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը, որպեսզի նա այդ ամենն ինքնուրույն հաշվարկի։
Գնահատական ունենալու համար տնտեսագետը պիտի եկամտային հարկից բացի՝ իմանա նաև, թե մյուս ուղղություններով ինչ փոփոխություններ են նախատեսվում, որովհետև եղած ինֆորմացիան քիչ է ու ամբողջական չի։ Ու անգամ եթե այս ամբողջ ինֆորմացիան լինի, տնտեսագետին ժամանակ է պետք վերլուծելու համար։
Այս պահին բանավեճը կարող է լինել միայն տեսական դաշտում՝ մի մասը սկզբունքորեն գտնում է, որ պրոգրեսիվ հարկումն է ճիշտ, մյուս մասը՝ flat տարբերակին է կողմ։ Ընդ որում, այստեղ բավականին հետաքրքիր իրավիճակ կարող է ստեղծվել, որի մասին կարող եք կարդալ ստորև։
Միջազգային կառույցների կարծիքը
Գաղտնիք չէ, որ Հարկային օրենսգրքի մշակման աշխատանքներին նախկինում ակտիվորեն ներգրավված էին Համաշխարհային բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամը։ Այս կառույցները ոչ միայն կողմ էին պրոգրեսիվ եկամտահարկին (երբ ավելի շատ ստացողներն ավելի բարձր դրույքաչափով էին հարկվում), այլև անհրաժեշտ էին համարում առավել ընդգծել պրոգրեսիվությունը։
Որպեսզի ասվածն ավելի պարզ լինի, առաջարկում ենք կարդալ մի հատված Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ավագ տնտեսագետ (այն ժամանակվա) Գոհար Գյուլումյանի հետ մեր հարցազրույցից, որն արել էինք 2016 թ. հունիսին։
«…Եկամտային հարկի առաջարկվող փոփոխությունը չեզոք ազդեցություն է ունենալու բյուջետային եկամուտների վրա: Ընդամենը
1-1.8 մլրդ դրամի լրացուցիչ մուտք է ապահովելու բյուջե, որը, կարծում եմ, էական չէ: Եկամտային հարկի դրույքաչափի ու դիզայնի հիմնական փոփոխությունը նպատակ ունի բարելավել հարկի պրոգրեսիվությունը: Եթե մենք ընդունում ենք, որ եկամտային հարկը ՀՀ-ում պետք է լինի պրոգրեսիվ, ուրեմն դիզայնը պետք է լինի այնպիսին, որ այդ պրոգրեսիվությունն ապահովվի: 2013 թվականից գործող եկամտային հարկի կառուցվածքը, թվում է, պրոգրեսիվ դիզայն է՝ 24.4%, 26% և 36%: Բայց ուշադրություն դարձրեք՝ 24.4% և 26%-ը շատ թույլ պրոգրեսիվության դիզայն է: Առաջին և երկրորդ շեմերը շատ մոտ են (1.6 կետով), իսկ երրորդը շատ բարձր է՝ 10 կետով: Այսօր՝ փաստացի արդյունքներով ստացվում է, որ բարձր եկամուտ ունեցողները հեշտությամբ տրոհում են իրենց եկամուտները՝ ընկնելով երկրորդ կամ նույնիսկ առաջին շեմի տակ: Ու երբ վերլուծում ենք եկամտային հարկի փաստացի թվերը, ստանում ենք եկամտային հարկի 25% փաստացի դրույքաչափ: Սա առաջին թերությունն է: Այժմ առաջարկվում է 23%, 28% և 33%: Այսինքն՝ տարբերությունը յուրաքանչյուրի միջև 5 կետ է: Ու այս անցման նպատակը պրոգրեսիվությունն ընդգծելն էր:
Գործող համակարգի երկրորդ թերությունն ավելի գլոբալ է: Դա այն է, որ մենք գործող հարկային օրենսդրությամբ Հայաստանում չունենք եկամտային հարկ՝ որպես այդպիսին: Սա, ըստ էության, աշխատավարձից գանձվող հարկն է: Իսկ եթե դիտարկենք տնային տնտեսությունների եկամուտների կառուցվածքը, աշխատավարձի կշիռը բարձր է ցածր եկամուտ ունեցող խմբերի մոտ, և հակառակը՝ ցածր է այն մարդկանց մոտ, ովքեր բարձր եկամուտներ ունեն: Որովհետև նրանք այլ եկամուտներ ունեն (շահաբաժիններ, տոկոսներ և այլն): Այսինքն՝ եկամտային հարկի բնույթը մեզանում հավասարեցվել է աշխատավարձի հարկի ընկալմանը: Սակայն, եթե ասում ենք՝ եկամտային հարկ, դա պետք է վերաբերի բոլոր եկամուտներին: Հայտարարագրված բոլոր եկամուտները պետք է ունենան ֆիսկալ հետևանքներ, որն իրականում դա չի ապահովում: Ստացվել է այնպես, որ մեզանում եկամուտների և գույքի հայտարարագրման մեխանիզմն աննպատակ կամ անարդյունավետ է: Մարդիկ հայտարարագրերում եկամուտներ են լրացնում, ու այդ ինֆորմացիան ֆիսկալ առումով ոչ ոքի կարծես հետաքրքիր չէ…»,- ասում էր տկն Գյուլումյանը։
Թեպետ Համաշխարհային բանկն ու ԱՄՀ-ն դեռ պաշտոնական դիրքորոշում չեն հայտնել կառավարության առաջարկած փոփոխությունների առնչությամբ, սակայն դժվար թե այս սկզբունքային հարցում նրանց կարծիքն էապես փոխված լինի։ Հակառակը, մեր տարածաշրջանի երկրներում տեղի են ունեցել այնպիսի զարգացումներ, որ պրոգրեսիվ եկամտահարկի կողմնակիցների դիրքերն ավելի են ուժեղացել։ Օրինակ, Լատվիան ժամանակին անցել էր flat համակարգի, սակայն 2017-ից կրկին վերադարձավ եկամտային հարկի պրոգրեսիվ համակարգին։ Այնպես որ, հետաքրքիր է՝ այս հարցում ինչ դիրքորոշում են ունենալու միջազգային կառույցները, և եթե նրանց տեսակետը տարբերվի կառավարության տեսակետից, ապա ինչպես դա կազդի այս կառույցների հետ Հայաստանի համագործակցության վրա։
Որպես վերջաբան՝ ավելացնենք, որ այս փոփոխություններին պետք չի վերաբերվել՝ որպես Հարկային օրենսգրքի ամբողջական ու վերջնական տարբերակ, որը հետագայում չի փոխվելու։ Հարկային օրենսգիրքը պետք է արտացոլի տնտեսական քաղաքականությունը։ Իսկ տնտեսական քաղաքականություն մշակողները նախ պետք է որոշեն՝ ուր է գնում մեր տնտեսությունը և ինչ ճանապարհով, ու ըստ այդմ՝ մշակեն օրենսգիրք, որն այդ ճանապարհի հիմքը կգցի։