
Նիկոլ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը ՌԴ-ում Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը չեղարկելու հարցը չի քննարկել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը ՌԴ-ում Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը չեղարկելու հարցը չի քննարկել: Ինչպես Մոսկվայից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ՀՀ վարչապետն այս մասին ասաց Մոսկվայում լրագրողների հետ ճեպազրույցում:
«Մենք մասնավոր հարցեր չենք քննարկել: Այնպես որ կարծում եմ, որ դա Հայաստանի և Ռուսաստանի իրավապահ մարմինների հետագա համագործակցության հարց է»,- ասաց Փաշինյանը:
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը Ռուսաստանից գրություն է ստացել այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը ՌԴ-ում չեղարկվել է: Միքայել Հարությունյանը մարտի 1-ի քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: