Հարավային Կորեայի նախագահի վարկանիշն առաջին անգամ իջել է 50 տոկոսից
Կորեայի Հանրապետության բնակչության կողմից նախագահ Մուն Չժե Ինի աջակցության մակարդակը թարմացրել է հակառեկորդը՝ պատմության մեջ առաջին անգամ ցած իջնելով 50 տոկոսից: Այդ մասին վկայում են սոցիոլագիական հետազոտության տվյալները, որոնք սեպտեմբերի 7-ին հրապարակել է Gallup Korea գործակալությունը։
Հետազոտության արդյունքների համաձայն, անցած շաբաթվա համեմատությամբ երկրի ղեկավարի վարկանիշն ընկել է 4 տոկոսային կետով (տ.կ.)՝ կազմելով 49 տոկոս: Նախագահի գործունեությանը հավանություն չի տալիս հարցման մասնակիցների 42 տոկոսը՝ 4 տ.կ.-ով ավելի, քան մեկ շաբաթ առաջ: Վարկանիշի նվազման հիմնական պատճառ է նշված գործազրկության շարունակվող աճը, որը պայմանավորված է նվազագույն աշխատավարձը 16,4 տոկոսով բարձրացնելու վերաբերյալ օրենքի ընդունմամբ:
Հաջորդ տարի պլանավորվում է դրա հերթական բարձրացումը 10,9 տոկոսով: Կառավարությունը հույս ուներ, որ այդ քայլերը թույլ կտան մեծացնել բնակչության եկամուտները եւ, համապատասխանաբար, սպառողական ծախսերը, ինչը պետք է աշխուժացներ լճացող տնտեսությունը:
Սակայն հակառակ արդյունքն է ստացվել. աշխատավարձերի աճից կորուստները նվազեցնելու համար ընկերություններն սկսել են հեռացնել աշխատակիցներին կամ կրճատել նրանց աշխատաժամանակը: Արդյունքում՝ մեկ ամսում երկրում աշխատանքի է տեղավորվել ընդամենը 5 հազար մարդ այն դեպքում, երբ օրենքի ընդունումից մեկ ամիս առաջ այդ թիվը կազմում էր 100 հազարից ավելի: Հարցմանը մասնակցել է շուրջ հազար մարդ: Վիճակագրական անճշտությունը կազմել է 3,1 տոկոս, հաղորդել է ՏԱՍՍ-ը: