«Նա ամենապատասխանատուն ու ամենավստահելին է». Գագիկ Ծառուկյանը՝ Նաիրա Զոհրաբյանի մասին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է Երևանի քաղաքապետի պաշտոնում Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունն առաջադրելու պատճառները: Լրագրողների հետ «Կայուն և հարմարավետ քաղաքներ» կոնֆերանսի մեկնարկից առաջ կայացած զրույցում պատասխանելով հարցին, թե ինչու որոշվեց Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրել Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց.

«Որովհետև նա ամենապատասխանատուն ու ամենավստահելին է: Մենք արդեն 20 տարի միասին աշխատում ենք, և դուք տեսնում եք, որ նա ցանկացած հարցում ջանք ու եռանդ չի խնայում: Ցանկացած հարցում նա չի թերանում, ուզում է ժողովրդի համար լավ բան անել»:

Գագիկ Ծառուկյանը չհամաձայնեց դիտարկման հետ, թե կուսակցության ներսում միանշանակ չի ընդունվել Երևանի քաղաքապետի պաշտոնում Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունն առաջադրելու որոշումը:

Նա նշեց, որ դիտարկել է 12 անձի թեկնածություն, որպեսզի նաև երևանցիների շրջանում հարցում անցկացնեն ու հասկանան, թե թեկնածուներից ով է ավելի ընդունելի իրենց համար. մեծամասնությունը տվել է Նաիրա Զոհրաբյանի անունը:

Նա նաև հիշեցրեց, որ Երևանի ավագանու ընտրություններին առանձին դաշինքով մասնակցում է «Ծառուկյան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը՝ ընդգծելով, որ երևանցիները ում ցանկանան, նրան էլ իրենց ձայնը կտան: Հարցին՝ ում շանսերն է ավելի բարձր գնահատում, Գագիկ Ծառուկյանը խորհուրդ տվեց հարցնել երևանցիներին:

Տեսանյութեր

Լրահոս