Ամուլսարը չի կարող բնակատեղի լինել «Ապոլո» թիթեռի համար. նախարար
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի հրամանով ձևավորվել է աշխատանքային խումբ, որը բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի առաջարկի հիման վրա լրացուցիչ ուսումնասիրություններ է կատարել Ամուլսարի հանքավայրի տարածքում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նախարարը հայտնեց, որ ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ Ամուլսարի տարածքում տեսչական մարմնի կողմից հայտնաբերված «Ապոլո» թիթեռի համար այդ տարածքը բնակավայր չի կարող լինել, իսկ հայտնաբերված բույսը եղել է ոչ թե «Ոզնաթուփ մեխակ», այլ այդ ընտանիքին պատկանող մեկ այլ բույս, որը կարմիր գրքում գրանցված չէ:
«Տեսչական մարմնի կողմից արված ուսումնասիրության հետ կապված իմ հրամանով ստեղծվել էր աշխատանքային խումբ, որում ներգրավվել են գիտնականներ գիտությունների ազգային ակադեմիայից, բնապահպանության նախարարության ներկայացուցիչներ, տեսչական մարմնի՝ Վայոց Ձորի տեղամասի ղեկավարը, ով հանդիսացել է այդ ստուգումների ղեկավարը, վայրի բնության հիմնադրամի աշխատակիցները, այն անձինք, ովքեր գտել էին այդ տեսակները:
Նաև ներգրավել ենք Մոսկվայի պետական համալսարանի ներկայացուցիչ Դանչենկոյին, ով Հայաստանի բույսերի կարմիր գրքի թիթեռների բաժնի ղեկավարն է: Այս խումբը եղել է այդ վայրում սեպտեմբերի 4-ին, ուսումնասիրությունները կատարել են, բերել են արձանագրություններ, որ այս հատվածում չկա այն բույսը, որի վրա ձվադրում է այդ թիթեռը, իսկ տվյալ վայրը չի կարող հանդիսանալ թիթեռի բնակավայր: Բացի այդ, տրվել է եզրակացություն, որ այդ տարածքում խոնավությունը նույնպես բավարար չէ, որպեսզի թիթեռն ապրի այնտեղ:
Մենք ԱԻՆ-ից վերցրել ենք վերջին 5 տարիների ջերմային ֆոնի մասին տեղեկատվությունն այդ տարածքում, տվել ենք, որպեսզի ուսումնասիրեն՝ արդյոք այդ պայմաններում թիթեռի ձվադրման համար բավարար ջերմաստիճան կա: Սրա վերաբերյալ նույնպես բացասական եզրակացություն ենք ստացել: «Ոզնաթուփ մեխակի» մասով ֆիքսվել է, որ բույսը ոզնաթուփ մեխակը չէ, սակայն այդ ընտանիքի պատկանող այլ բույս, իսկ դա կարմիրգրքային բույս չէ »,- մանրամասնեց նախարարը:
Նա հավելեց, որ վերոնշյալ արձանագրությունները իրենք ստացել են հաշվետվությամբ՝ շեշտելով, որ սա նախնական տեղեկատվություն է, որը փոխանցելու են տեսչական մարմնին: Նախարարն ընդգծեց, որ այս արձանագրությունները մեզ ներկայացվել է հաշվետվությամբ: Նրա խոսքով՝ սա նախնական տեղեկատվություն է, որը կփոխանցեն տեսչական մարմնին:
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ավելի վաղ հայտարարություն էր տարածել, որում հայտնել էր, որ «Լիդիան Արմենիա»-ում իրականացված ստուգումների արդյունքներով ՀՀ բնապահպանության նախարարությանն առաջարկել նոր ի հայտ եկած էկոլոգիական գործոնների հիման վրա ուժը կորցրած ճանաչել ՀՀ բնապահպանության նախարարի կողմից 29.04.2016թ. հաստատված թիվ ԲՓ-35 պետական փորձաքննական եզրակացությունը:
Առաջարկվել է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին հանձնարարել ձեռնպահ մնալ Ամուլսարի հանքավայրում ընդերքօգտագործման հետ կապված որևէ գործողություն կատարելուց մինչև ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի առաջարկության հիման վրա լիազոր մարմնի կողմից նոր փորձաքննության իրականացումն ու դրա արդյունքներով փորձաքննական եզրակացության ընդունումը: Որպես նոր ի հայտ եկած էկոլոգիական գործոն նշվել է այն հանգամանքը, որ Ամուլսարի տարածքում հայտնաբերել են Կարմիր գրքում գրանցված «Ապոլո» տեսակի թիթեռ, ինչպես նաև կրկին Կարմիր գրքում գրանցված «Ոզնաթուփ մեխակ» տեսակի բույս: