Ինչ կարող է ակնկալել Հայաստանը Գերմանիայից Մերկելի այցից հետո
«Հայաստանը պետք է առարկայացնի Մերկելի այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքական վերլուծաբան Սյուզան Ստյուարտը՝ անդրադառնալով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ տարածաշրջան, այդ թվում՝ Հայաստան կատարած այցին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին ավարտվեց կանցլեր Անգելա Մերկելի եռօրյա այցը Հարավային Կովկաս։ Այցի շրջանակներում ամենաառարկայական ձեռքբերումը 193 մլն եվրոյի հատկացումն էր Վրաստանին: «Այցիս շրջանակում կստորագրվի երկու համաձայնագիր: Խոսքը վերաբերում է մոտ 193 մլն եվրոյի հատկացմանը՝ գազապահեստարանի, ինչպես նաև ջրամատակարարման ու կոյուղատար համակարգերի համար»,- հայտարարել էր Մերկելը Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ բանակցությունների ավարտից անմիջապես հետո:
Մեզ հետ զրույցում գերմանացի փորձագետ Սյուզան Ստյուարտն ամփոփեց այցը՝ նշելով, որ այն շատ ավելի նշանակալի իրադարձություն էր հարավկովկասյան երեք երկրների համար, քան Գերմանիայի, քանի որ, զբաղեցնելով կանցլերի պաշտոնը երկար տարիներ, Մերկելը չէր եղել այս տարածաշրջանում, այնինչ հայտարարել էր, որ այցելելու է հնարավորինս շատ տարածաշրջաններ ու երկրներ իր պաշտոնավարման օրոք: Իսկ այս տարածաշրջանը, Ստյուարտի որակմամբ, Եվրոպական միության համար ետին պլանում գտնվող տարածաշրջան չէ, ավելին՝ Գերմանիան ևս խնդիր ունի ապացուցելու, որ որոշակիորեն զբաղվում է այս տարածաշրջանում, բայց ուղղակի շահեր ու հետաքրքրություններ չկան:
«Կարելի է ասել, որ այս տարածաշրջանի նկատմամբ Գերմանիայի հետաքրքրություններն ավելի շատ դիրքավորվում են ԵՄ-ի հետաքրքրությունների մեջ, Գերմանիան ԵՄ-ի առաջատար երկրներից է, հետաքրքրված է Արևելյան գործընկերության տարածաշրջանի կայունությամբ, մեծ ներդրում է ունեցել այս ծրագրի առաջմղման հարցում: Եվ սա այնքան էլ հանգիստ ու խաղաղ տարածաշրջան չէ, երեք երկրներն էլ լուրջ ներքին ու արտաքին մարտահրավերների առջև են կանգնած, ուստի այս փուլը լավ հնարավորություն էր Հարավային Կովկասում լինելու, այս տարածաշրջանի երկրների նկատմամբ Գերմանիայի և ԵՄ-ի հետաքրքրությունը ներկայացնելու և նրանց լսելու համար: Հենց այդ պատճառով մեծ արդյունքների մասին չենք կարող խոսել: Վ
ստահ եմ, որ երեք երկրների իշխանություններն էլ որոշակիորեն դժգոհ են այս այցի արդյունքներից, քանի որ կարևորում են կանցլերին, նրա բացառիկ այցը տարածաշրջան, բայց Գերմանիան առանձին հետաքրքրություններ առանձնապես չունի: Գլխավոր ուղերձը, որը փոխանցեց Մերկելը Վրաստանին, պարզ էր, սակայն նկատվեց ՆԱՏՕ-ի անդամակցության հարցում վերապահում: Ադրբեջանը վստահաբար դժգոհ մնաց այս այցից, քանի որ ակնկալում էր առաջընթաց Եվրոպա գազի արտահանման հարցում, սակայն, ինչպես կանցլերն ակնարկեց, ոչ բոլոր հարցերում են իրենք եկել համաձայնության:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, կարծում եմ` գլխավոր ուղերձը, որը հետագայում կարող է առարկայանալ ճիշտ աշխատանքի դեպքում՝ այն էր, որ Գերմանիան պատրաստ է աջակցել ՀՀ-ԵՄ համաձայնագրի ներդրմանն այն դեպքում, երբ տեսանելի լինի ՀՀ իշխանությունների ցանկությունը: Ինչպես տեսնում եք, չկա տարբերություն ԵՄ-ի և Գերմանիայի հռետորաբանությունների միջև այս ոլորտում: Բայց հավելյալ աջակցության միջոցներ Հայաստանը կարող է ստանալ Գերմանիայից: ԼՂ հակամարտության մասին Մերկելի ձևակերպումները, կարծում եմ, ավանդական թեմատիկ ձևակերպումներ էին, Գերմանիան ինչպես կարող է լուծել այդ հակամարտությունը կամ աջակցել կարգավորման գործընթացին, մի փոքր անհասկանալի է:
Կարևոր է նաև, որ կողմեը խոսեցին տնտեսական կապերը խորացնելու մասին, այդ հարցը բարձրացրեց ՀՀ վարչապետը: Հուսամ, որ այս ուղղությամբ կլինեն նաև քայլեր, նախաձեռնություններ, Գերմանիային մի շարք ոլորտներում հետաքրքրելու փորձեր, քանի որ այս ոլորտում իսկապես մեծ բաց կա հայ-գերմանական հարաբերություններում: Այս այցը, դրա ընթացքում ծավալված բանակցությունները, ՀՀ ներքաղաքական փոփոխությունները, բարեփոխումների խոստումները դրական ֆոն են ստեղծում հետագա աշխատանքի համար:
Սակայն, քանի որ Հայաստանում տեղի ունեցողը դեռ ուսումնասիրությունների փուլում է, իրավիճակը դեռ լիովին կարգավորված չէ, քաղաքական գործընթացները դեռ տաք փուլում են, եվրոպացիները նախընտրում են լսել և հետևել՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել դրական գործընթացներին: Այս փուլում ԵՄ-ի համար կարևորվում է ՀՀ իշխանությունների աշխատանքը համաձայնագրի կյանքի կոչման ուղղությամբ, ուստի պատահական չէր Մերկելի շեշտը համաձայնագրի վրա: Եթե Հայաստանը բաց թողնի սա, կարծում եմ, հարաբերությունները կշարունակվեն նախկին հունով, քանի որ կոնկրետ հետաքրքրություններ այս տարածաշրջանում Գերմանիան չունի: Սակայն միայն արարողակարգային որակել Մերկելի այցը՝ չի հաջողվի»,- մեկնաբանեց Ստյուարտը: