«Չեմ կարծում, որ ոստիկանությունում այնպիսի մասնագետներ են, որ չեն կարող դա հիմնավորել». Վալերի Օսիպյանը՝ «Վեոլիա ջրի» գործի մասին
Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը համամիտ չէ «Վեոլիա ջուր» ընկերության ղեկավարության հետ, որ ոստիկանության մեղադրանքը շինծու է, անհիմն։
«Ճիշտն ասած՝ դա «Վեոլիա ջրի» ղեկավարության կարծիքն է։ Այն, ինչ ոստիկանությունը ներկայացրել է, անմեղության կանխավարկածից ելնելով, ավելին չեմ կարող ասել։ Գործը գտնվում է համապատասխան վարույթում, և չեմ կարծում, որ ոստիկանությունում այնպիսի մասնագետներ են, որ չեն կարող դա հիմնավորել»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Վ.Օսիպյանը։
Ըստ նրա՝ հնարավոր է, որ նախաքննությունն այլ մանրամասներ հրապարակի։
Հիշեցնենք, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության համաձայն՝ «Վեոլիա ջուրը» կաշառք տալու դիտավարությամբ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի և ևս 7 պաշտոնատար անձանց համար Երևան-Փարիզ-Երևան ուղղությամբ տոմսեր է գնել, ինչից հետո ջրի սակագինը բարձրացվել է 11,414 դրամով՝ 180-ից հասնելով 191 դրամի։
«Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեն օրեր առաջ հրավիրած ասուլիսում ոստիկանության առաջադրած մեղադրանքների հետ կապված պարզաբանումներ ներկայացրեց և հայտարարեց, որ իրենց դեմ արշավ են իրականացնում այն մատակարարները, որոնք մրցույթում չեն հաղթել ու չեն համագործակցել իրենց հետ, ինչպես նաև այն աշխատակիցները, որոնց հեռացրել են ընկերությունից:
Մեղադրանքներն անհիմն է որակել նաև ՀԾԿՀ-ն։
Մանրամասները՝ տեսանյութում