Հոկտեմբերի 1-ից երկրորդ երեխայի ծննդյան միանվագ գումարը կկազմի 150 հազար դրամ

Այսօր կառավարության նիստում հաստատվեց երկրորդ երեխայի ծննդյան միանվագ գումարն ավելացնելու մասին որոշումը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ներկայացրեց, որ 2018թ հոկտեմբերի 1-ից յուրաքանչյուր երկրորդ երեխայի ծննդյան միանվագ գումարը 50 հազար դրամի փոխարեն կկազմի 150 հազար դրամ, այս տարվա համար ծախսը կկազմի մոտ 380 մլն դրամ, իսկ արդեն հաջորդ տարվանից ՝ տարեկան 1.5 մլրդ դրամ։

«Երկրորդ երեխայի ծնունդին պետք է վերաբերվել պատասխանատու»,- նկատեց Թանդիլյանը:

«Պարոն Տոնոյան, ուզում էիք ասեիք՝ հատկապես տղա երեխաների ծնունդը: Ձեր հայացքում ես դա կարդացի ու ինչքան հնարավոր է շուտ դառնան 18 տարեկան»,- կատակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին:

Վերջինս նշեց, որ ինքը կողմնակից է ավելի շատ ուշադրություն դարձնել երրորդին ու չորրորդին:

«Մի տեխնիկական բարդություն կա, որ առանց երկրորդի միանգամից երրորդ ու չորրորդ հնարավոր չի ունենալ, եթե ինովացիոն տեխնոլոգիաները նման հնարավորություն չեն տա»,- կրկին կատակեց վարչապետը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն առաջարկեց զույգ երեխայի պարագայում գումարը կրկնապատկել:

Տեսանյութեր

Լրահոս