
Իսպանիայի վարչապետը կոչ է արել Կատալոնիայի ղեկավարին՝ երկխոսել անկախության հակառակորդների հետ

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը կոչ է արել Կատալոնիայի Ժեներալիտետի (տարածաշրջանային կառավարության) ղեկավար Կիմ Տոռային՝ երկխոսություն սկսել նրանց հետ, ովքեր դեմ են արտահայտվում Կատալոնիայի անկախությանը: Այդ մասին հայտնել է El Pais թերթը:
«Կատալոնիայի կառավարությունը պետք է լայն երկխոսություն նախաձեռնի կատալոնացիների շրջանում, քանի որ Տոռայի առաջարկությունը բավարարում է միայն կատալոնացիների կեսին»,-հայտարարել է Սանչեսը, որն այժմ այցով գտնվում է Շվեդիայում:
Ավելի վաղ Տոռան կոչ է արել նոր հանրաքվե անցկացնել Կատալոնիայի կարգավիճակի շուրջ, ինչպես նաեւ բաց պահել Մադրիդի հետ հաղորդակցվելու ուղիները:
Անցած տարվա հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անցկացվել է անկախության հանրաքվե: Իսպանիայի Սահմանադրական դատարանը քվեարկությունը ճանաչել է Սահմանադրությանը չհամապատասխանող, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: