Բաժիններ՝

Թրամփը պահանջել է բացահայտել Սպիտակ տանն առկա հակասությունների մասին հրապարակման հեղինակին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է The New York Times թերթից հայտնել, թե ով է այն անանուն հրապարակման հեղինակը, ով գրել է, թե Սպիտակ տանը ընդդիմություն կա իր վարած քաղաքականության նկատմամբ: Ընդսմին Թրամփը կասկած է հայտնել, որ իրականում նման հեղինակ կա։

«Եթե այդ անանուն վախկոտն իրապես գոյություն ունի, ապա The New York Times-ը պետք է նրան հանձնի կառավարությանը՝ ելնելով ազգային անվտանգության շահերից»,- գրել է նախագահը իր Twitter-ում: Հրապարակման համար թերթի խիստ քննադատությամբ հանդես է եկել Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը՝ հրատարակությունից պահանջելով ներողություն խնդրել նախագահից: Նրա խոսքով՝ հրապարակումը դարձել է «լիբերալ ԶԼՄ-ների այն համաձայնեցված գործողությունների եւս մեկ վկայությունը, որոնք ուղղված են նախագահի վարկաբեկմանը»:

Սանդերսն ասել է, որ Սպիտակ տանը «հիասթափված են հրապարակման վերաբերյալ թերթի որոշումից», ինչը ցույց է տալիս՝ «որքան խորն է ընկել այդ այսպես կոչված «հեղինակավոր հրատարակությունը»:

The New York Times-ը սեպտեմբերի 5-ին հրապարակել էր անանուն հեղինակի «Ես դիմադրության մաս եմ կազմում Թրամփի վարչակազմի ներսում» վերտառությամբ նյութը: Հեղինակը, իրեն ներկայացնվելով որպես Սպտակ տան «բարձրաստիճան աշխատակից», հայտնել է վարչակազմում մի խումբ պաշտոնյաների գոյության մասին, որոնք հակազդում են նախագահի քաղաքականությանը:

«Թրամփի վարչակազմի բարձրաստիճան բազմաթիվ պաշտոնյաներ ջանադրաբար աշխատում են, որպեսզի ներսից վիժեցնեն նրա կողմից իրականացվող քաղաքականության ուղղությունների մի մասը, ինչպես նաեւ խոչընդոտեն նրա վատագույն հակումների դրսեւորմանը»,- գրել է անանուն հեղինակը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս