Գրիգորի Լեպսը հայտնել է, որ սրբապատկերների իր հավաքածուն գնահատվում է 25-35 միլիոն դոլար
Պատմության պետական թանգարանում (Մոսկվա) սեպտեմբերի 5-ից նոյեմբերի 6-ը կանցկացվի երգիչ, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Գրիգորի Լեպսին պատկանող 200 սրբապատկերների հավաքածուի ցուցահանդես: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը,երգիչը լրագրողներին ասել է, որ փորձագետները սրբապատկերների իր հավաքածուն գնահատել են 25-35 մլն դոլար:
«Դժվար է որոշել գինը, մի փորձագետ ասում է ասում է 25 միլիոն դոլար, մյուսը` 35: Դա երկրի ամենամեծ հավաքածուներից մեկն է, եւ թերևս, աշխարհի», – ասել է Լեպսը:
Ցուցահանդեսում ներկայացված են սրբանկարչական աշխատանքներ, որոնցից շատերը երբեք չեն ցուցադրվել հանրությանը: Երգիչը 20 տարում է հավաքել այդ սրբապատկերները: Նա խոստովանել է, որ իր հավաքածուի համար միշտ չէ, որ հեշտ է ձեռք բերել այս կամ այն սրբապատկերները:
«Հավաքորդները միշտ ունեն նման սկզբունք. «Այս սրբապատկերը չի վաճառվում»: Բայց կա «բաժանվելու գին»` մենք դա այդպես ենք անվանում: Եթե այն 100 ռուբլի է, ապա «բաժանվելու գինը» կլինի 500»: Եղել են նաեւ այլ դեպքեր, երբ շատ հազվագյուտ սրբապատկերները ձեռք են բերվել համեմատաբար հեշտ»,- ասել է Լեպսը: