Բաժիններ՝

«Պետք է հաղթենք». Հավաքականի ֆուտբոլիստները՝ Լիխտենշտեյնի հետ խաղի մասին

Սեպտեմբերի 6-ին Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կընդունի Լիխտենշտեյնի հավաքականին: Սա հայկական ընտրանու առաջին խաղն է Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ խմբում:

Հիշեցնենք, որ D դիվիզիոնի չորրորդ խմբում Հայաստանի հավաքականը մրցելու է  ՆՀՀ Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի և Ջիբրալթարի դեմ:

Սեպտեմբերի 6-ին կայանալիք խաղից առաջ Հայաստանի հավաքականի մի քանի ֆուտբոլիստներ խոսել են լրագրողների հետ:

Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը նշում է, որ իրենք անելու են ամեն բան հաղթանակի հասնելու համար:

Կարդացեք նաև

«Ես ինձ լավ եմ զգում, լավ մարզավիճակում եմ, հուսով եմ՝ ամեն ինչ լավ է լինելու:

Լիխտենշտեյնի հետ խաղը բարդ  է լինելու: Մենք պետք է առավելագույնն անենք հաղթելու համար:

Կարծում եմ, որ հաղթելու հնարավորություն ունի յուրաքանչյուր թիմ, քանի որ սա ֆուտբոլ է, իսկ ֆուտբոլում հնարավորություն ունեն բոլորը և միշտ:

Հիմա տղաները շատ լավ պատրաստ են, մենք հետևություններ ենք արել, և ես կարծում եմ, որ մենք լավ կպատրաստվենք այս մրցաշարի համար և կանենք առավելագույնը»:

Հայաստանի հավաքականի մյուս հարձակվող Գևորգ Ղազարյանի խոսքով՝ հիմա իր մարզավիճակի հետ ամեն ինչ կարգին է, և ինքը պատրաստ է առաջիկա խաղերին:

«Ինչպես մենք, այնպես էլ մյուս հավաքականները շատ լուրջ են տրամադրված, քանի որ սա ոչ միայն մեզ համար է Եվրո-2020-ի եզրափակիչ փուլում հայտնվելու լավ հնարավորություն:

Կարծում եմ, որ հետաքրքիր խաղեր կլինեն, մենք պետք է ամեն ինչ անենք խմբում առաջին տեղը զբաղեցնելու համար: Դա մեր համար մեկ նպատակն է:

Կարծում եմ, որ մենք ավելի ուժեղ ենք Լիխտենշտեյնից, բայց դա պետք է ապացուցել խաղադաշտում:

Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած տիպի պաշտպանության և հարձակման, որպեսզի հաջողության հասնենք:

Ճնշում կա, քանի որ շատերն ասում են, որ մենք պարտադիր պետք է Եվրո-2020-ի ուղեգիր նվաճենք: Հավատ, ցանկություն և վստահություն կա: Եվ այդ ճնշումն էլ, կարծում եմ, նորմալ է, քանի որ եթե ոչ՝ այստեղ, ապա էլ որտե՞ղ պետք է հաղթենք»:

Արաս Օզբիլիսի խոսքով՝ պատրաստվելու ժամանակը շատ քիչ է, քանի որ առաջիկայում մի քանի խաղեր կան, բայց Ազգերի լիգան հավաքականին լավ հնարավորություն է տալիս, որից իրենք փորձելու են օգտվել:

«Իմ կարծիքով՝ հիմա ոչ մի թիմ էլ թույլ չէ, որովհետև հիմա բոլոր թիմերը շատ են աշխատում և դժվարացնում են պայքարը»:

Հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը նշում է, որ իրենք  պարտադիր պետք է հաղթեն:

«Պետք է դուխով խաղանք և պարտադիր հաղթենք, քանի որ տանն ենք խաղում: Պայքարելու ենք, որ հաղթեք ամեն խաղում»:

Հիշեցնենք, որ Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումը կկայանա սեպտեմբերի 6-ին 20:00-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս