«Այդ գեներալներին, այդ կուսակցական աղբին ո՞վ է թույլ տվել գյուղացու ջրամբարների վրա հէկ-եր կառուցել». Հրաչ Բերբերյան

«Այսօր ոռոգման համակարգը ղեկավարում է մի անձնավորություն, որն անձամբ մասնակից է եղել այդ հէկ-երի ստեղծմանը։ Այդ հէկ-երը կառուցվել են գերմանական վարկի հաշվին, պարզ է՝ այդ վարկն ով պետք է ստանար. այդտեղ և՛ պատգամավորներ, և՛ գեներալներ կան։ Խոսքը 150 հէկ-ի մասին է»,- 168.am-ի հետ զրույցում, խոսելով Սևանա լճից լրացուցիչ 40 մլն խմ ջրառ իրականացնելու վերաբերյալ կառավարության որոշման մասին, ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։

«Այդ գեներալներին, այդ կուսակցական աղբին ո՞վ է թույլ տվել գյուղացու ջրամբարների վրա հէկ-եր կառուցել։ Տարբեր հեքիաթներ են պատմում, թե ջուրը ցնդել է. ջրամբարները լցնում են՝ հեկ-երը դատարկում են։ Հէկ-երը թող աշխատեն, բայց ոռոգման համակարգից պետք է հեռու մնան։ Եվ շատ լավ է, որ այդ անձն այսօր ղեկավարում է. ոնց ստեղծել է այդ հէկ-երը, թող իր ձեռքով էլ այդ հէկ-երը փակի»,- ասաց Բերբերյանը՝ հստակեցնելով՝ նկատի ունի Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանին։

Ագրարագյուղացիական միավորման նախագահը հայտարարեց, որ գտել է հէկ-երը փակելու ձևը. «Շատ շուտով կդիմենք համայնքների ղեկավարներին, որոնք համայնքի նիստ կհրավիրեն, այն գյուղապետերը, որոնք իրենց գյուղացուն նվիրված մարդիկ են, թող իրենք որոշեն՝ այդ հէկ-երն իրենց տարածքում պետք են, թե ոչ։ Մենք ձևը գտել ենք այդ հէկ-երը փակելու և կոչով կդիմենք գյուղապետերին, որ իրենց մոտ քննարկեն այդ հարցն ու այդ հէկ-երի վերջը տան։ Այստեղ պետական լծակներ պետք չեն, մենք ձևը գտել ենք, թե ինչպես կարող ենք ջրերի հարցը լուծել։ Այ, հիմա թող գնան-մտածեն, թե այդ գերմանական վարկը, որ օգտագործում էին, տեղի՞ն էին օգտագործում, թե՞ հերթական փոշիացումն էր»։

Տեսանյութեր

Լրահոս