«Ճանապարհներից մեկը այս փուլում Եվրոպական դատարան դիմելն է». Հայկ Ալումյանը՝ Քոչարյանի անձնագրի վերաբերյալ

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը օրենքի խախտում է որակում ՀՔԾ-ի կողմից Քոչարյանի անձնագրերը չվերադարձնելը։

«Սահմանադրական դատարանն ունի որոշում, ըստ որի՝ նման պայմաններում իրավունք չունեն անձնագիրը պահել իրենց մոտ,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հ.Ալումյանը և շարունակեց,- Ապավինում են կամայականությանը։ Բռնել են, վերցրել են, չեն տալիս»։

Ըստ նրա՝ Քոչարյանը պետք է, բնականաբար, միայն օրինական ճանապարհներով փորձի վերադարձնել անձնագիրը. «Օրինական ճանապարհներն էլ, ոնց որ թե, փակել են։ Մենք հիմա քննարկում ենք, թե այս կամայականությունների դեմ պայքարին ինչ ընթացք տանք»։

Մեր հարցին՝ Քոչարյանը պահանջե՞լ է ու չեն վերադարձրել, պաշտոնական մերժում կա՞, Հ.Ալումյանը պատասխանեց. «Այո, ես ունեմ պաշտոնական մերժում»։

Թե ինչպե՞ս է հիմնավորվել մերժումը, պաշտպանը չպարզաբանեց. «Այս պահին ձեռքիս տակ չի փաստաթուղթը։ Ամեն դեպքում՝ օրինական չի մերժումը և մենք մտածում ենք ինչ ճանապարհով այս կամայականությունների դեմ կպայքարենք։ Ճանապարհներից մեկը, որը չի բացառում նաև այլ տարբերակները, այս փուլում Եվրոպական դատարան դիմելն է։ Բայց դա չի բացառում նաև այլ տարբերակները զուգահեռաբար օգտագործելը»։

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը հաստատել է, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը չի մեկնել Հայաստանից։

«Կարող ենք հաստատել, որ նա Հայաստանում է, չի մեկնել։ Սակայն այլ մանրամասներ այս պահին չենք կարող ասել»,- 168.am-ի հետ զրույցում ասել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Սակայն նա չի պարզաբանել տարածված տեղեկությունը, թե Քոչարյանի անձնագրերը իրավապահների մոտ են պահվում և այդ պատճառով նա չի կարող մեկնել երկրից։ «Անձնագրերի մասով այլ մանրամասներ չեմ կարող ասել»,- ասել է նա։

Տեսանյութեր

Լրահոս