«Ո՞վ է Հայկ Մարությանին այդ փաստերը տրամադրել՝ հասարակության տրամադրությունների վերաբերյալ». Նարինե Դիլբարյան
«Բավական պարզունակ և ոչ քաղաքական հայտարարություն է, երևի ավելի շատ հարմար այն ոլորտին, որտեղ ինքը փորձառու է. նկատի ունեմ կինեմատոգրաֆիան, արվեստի բնագավառը, որտեղ կարելի է ամեն ինչ գրոտեսկի հասցնել և այլաբանորեն դիտարկել սևերի և սպիտակների հարթության վրա»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց լեզվաբան, քաղաքական վերլուծաբան Նարինե Դիլբարյանը՝ անդրադառնալով ՔՊ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի այն հայտարարությանը, թե «կան սև և սպիտակ ուժեր, և վերջ», և, որ իրենք սպիտակ ուժերն են, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ իրենք հաջողություն ունենան՝ սև ուժերն են։
Նարինե Դիլբարյանն անտեղի և անհասկանալի է համարում Մարությանի հայտարարությունը. «Կարծում եմ՝ հիմա ինքն էլ իր այդ հայտարարության համար մեծ ուրախություն չի ապրի, այլ կփորձի սրբագրել այն»։
Մեր նկատառմանը, որ Հայկ Մարությանն արդեն անդրադարձել է թեմային՝ նշելով, որ բոլոր այն ուժերը, որոնք տարիներ շարունակ բռնացել են ու դեռ փորձելու են բռնանալ ժողովրդի ազատության և արժանապատվության վրա, խաբել ժողովրդին, կանխել վերջինիս առաջընթացն ու հաջողությունը, սև ուժեր են, նա ասաց.
«Բայց այդ բոլոր ուժերը, ովքեր իրենց կողմ չեն, ժողովրդին կեղեքողնե՞րն են, իսկ ո՞վ է Մարությանին այդ փաստերը տրամադրել՝ հասարակության տրամադրությունների վերաբերյալ։ Եթե նա ապօրինի հարստացածներին նկատի ունի կամ նրանց, ում դեմ գործեր են հարուցվում, բայց ավարտին չեն հասցվում, ապա դրանք իրավական դաշտում պատասխանատվության ենթակա մարդիկ են։ Իրավական հարթության մեջ մեկին կարող ես համարել ապօրինի հարստացած, մյուսին՝ կողոպտող, իսկ մյուսին՝ կողոպտված։ Հասարակությունը կազմված է տարբեր անձերից, որոնք չեն հարստահարում և ոչ էլ հարստահարված են։
Ինձ համար դա անհասկանալի բացատրություն է։ Գուցե փորձել է նկատի ունենալ, ինչպես հիմա են սիրում ասել՝ հեղափոխական և հակահեղափոխական ուժեր։ Բայց հասարակությունը միշտ եռանդամ է լինում՝ լինում են խանդավառ հեղափոխականներ, խանդավառ հակահեղափոխականներ և հումորով լցված բազմաթիվ մարդիկ, որոնք ոչ աջ են, ոչ ձախ, կամ մի հարցում աջ են, մյուսում՝ ձախ։ Համենայնդեպս, հասարակությունը 100 տոկոսով բաղկացած չէ հարստահարողներից և հարստահարվողներից, կան նաև մարդիկ, որոնք այդ դաշտում չեն»։
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն անդրադառնալով Հայկ Մարությանի հայտարարություններին՝ նրան անվանել էր «գավառական ծաղրածու». «Դու ո՞վ դարձար, որ մեր հասարակությունը սևերի և սպիտակների կիսես: Դու քարոզարշավը չսկսած ցուցադրեցիր քո քաղաքական բոբիկությունը և ցածր բարոյականությունը»,- գրել էր Սարգսյանը։ Ի պատասխան՝ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը նշել էր. «Հայկը իր տեքստը կուղղի, օր օրի ավելի լավ կխոսի ու գործ կանի, իսկ դու ու քո լավ խոսացող գործընկերները նենց եք ապրել ու գործել, որ սկի ընտրության չեք կարողանում մասնակցել»։
Վերոնշյալի վերաբերյալ Նարինե Դիլբարյանը հետևյալն ասաց. «Փորձը ցույց է տալիս, որ լավ խոսողները կարող են լավ գործել, բայց կարող են նաև վատ գործեր անել։ Ես չէի ասի, թե Հայկ Մարությանը վատ խոսող է, այլ հարց է, որ խոսքն ունենում է համապատասխան հասցեատեր։ Նրա խոսքը գրոտեսկի ժանրից է։ Այնքան տխուր է, երբ բանավեճը ծավալվում է ՀՀԿ-ի և ՔՊ-ի միջև միայն, չէ՞ որ կան նաև այլ ուժեր, որոնք ո՛չ ՀՀԿ-ին են հարում, ո՛չ էլ ՔՊ-ից են»։
Ինչ վերաբերում է Մարությանի այն հայտարարությանը, թե իրենց դեմ խաղ չկա, լեզվաբանն ասաց, որ դա ծեծված, անիմաստ արտահայտություն է. «Եթե նրան առաջադրել են՝ որպես ցուցակը գլխավորող, լավ կլիներ՝ իրեն խորհրդականներ տրամադրեին, որ քաղաքապետին հարիր բառապաշարով խոսեր։ Դա անհեթեթ արտահայտություն է. խաղ լինում է բոլորի դեմ։ Խաղերի մասին տեսություն կա, որը ցույց է տալիս, որ բոլորի դեմ խաղ լինում է, պարզապես այդ խաղը կարող է տարբեր ընթացք և տարբեր վերջաբան ունենալ։ Քաղաքային ընտրություններից առաջ չարժե հայտարարել, որ իրենց դեմ խաղ չկա. խաղ բոլորի դեմ է լինում։ Խաղերի տեսությունից մի երևույթ կա՝ Աստծո գաղափարը, որը չունի այդ հակադարձումը»։