«Սա կդառնա Հայկ Մարությանի առաջին փորձաքարը, որից հետո շատ զգույշ կլինի իր արտահայտությունների մեջ». Կարեն Քոչարյան
«Իմ քայլը» դաշինքի դրամահավաք-միջոցառման ժամանակ երեկ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի ելույթի որոշ հարցերի շուրջ մանիպուլյացիայի փորձ է արվում։ Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ մեկնաբանելով Մարությանի ելույթն ու դրա առաջացրած կտրուկ արձագանքը։
Հիշեցնենք, որ Հ. Մարությանն ասել է. «Այսօր Հայաստանում իրավիճակը շատ պարզ է. կան սպիտակ ուժեր, և կան սև ուժեր, վերջ։ Ես ուզում եմ պաշտոնական հայտարարել, չնայած գիտեք, բայց պետք է ասեմ՝ այո՛, մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սև ուժերն են։ Որովհետև մենք և մեր հաջողությունը Հայաստանի հաջողությունն է։ Ոչ ոք մեզանից անձնական շահեր, անձնական ինչ-որ ամբիցիաներ չունի»։
Կ.Քոչարյանը նշեց, որ Հայկին շատ լավ է ճանաչում ու գիտի, որ դա ավելի շատ նրա քաղաքական կյանքի անփորձության պատճառով է. «Երբ մարդն ավելի հանգիստ է խոսում, մի փոքր այլ ձև է արտահայտվում։ Նա եղել է իր բնական կերպարի մեջ, հանգիստ է խոսել։ Դա չի նշանակում, որ ինքը ժողովրդին սև-սպիտակի է բաժանում, այդպես չէ, որ ինքը վստահ ասում է՝ ժողովրդի մի մասը սև է, մի մասը՝ սպիտակ։ Երբ կրկնում է Վանո Սիրադեղյանի հայտնի արտահայտությունը՝ «մեր դեմ խաղ չկա», եթե ուշադիր նայեք, ասում է՝ «մեզ մեղադրում են, որ մենք չունենք մասնագետներ»։ Խոսքը քաղաքական թիմի մասին չէ, խոսքը հենց քաղաքապետարանի վարչարարական թիմի մասին է, այսինքն՝ չունենք տրանսպորտի և այլ ոլորտների մասնագետներ։ Ինքը չի բացել խոսքը, բայց ասում է՝ մասնագետներ, այսինքն՝ այդ վարչարական թիմը՝ և՛ ճարտարապետներ ունենք, և՛ տրանսպորտնիկներ ունենք, և՛ կոմունալ ոլորտի մասնագետներ ունենք, և՛ էկոլոգիական ոլորտի մասնագետներ ունենք։ Բնական է, ինքն էլ ինչ-որ առումով լինելով անփորձ, կարծում եմ, սա կդառնա նրա առաջին փորձաքարը, որից հետո շատ զգույշ կլինի իր արտահայտությունների մեջ»։
Քաղտեխնոլոգը Մարությանի երեկվա ելույթը քարոզարշավի մեկնարկ չի համարում։ Ըստ նրա՝ պետք է հաշվի առնել այն, որ Մարությանը դա փաստացի ասել է իր թիմակիցների շրջապատում։ Նրա կարծիքով՝ մեկնարկը կլինի, երբ քարոզարշավի պաշտոնական մեկնարկը լինի։
Կ. Քոչարյանը չհամաձայնեց, որ ամեն դեպքում նույն թիմակիցներն են տարածել տեսանյութը և, կամա թե ակամա, դա դարձել է ֆալստարտ. «Ոչ, ինչո՞ւ։ Թիմակիցները չեն տարածել, լրագրողներ են եղել այդտեղ, հատուկ հրավեր չի եղել, բայց մուտքն ազատ է եղել»։
Կ. Քոչարյանի համոզմամբ՝ ինքնաբացարկի անհրաժեշտություն ամենևին չկա. «Եթե այդպես լիներ, ապա սկսած Գալուստ Սահակյանից ու շատ-շատերից, վաղուց ինքնաբացարկներ պետք է լինեին, եթե ամեն ելույթի մի փոքր կիքսից կամ չհասկացված, չարտահայտված մտքից բոլորը պետք է ինքնաբացարկ տային, ու այս երկրում ոչ ոք չաշխատեր»։
Անդրադառնալով երեկ «լայվի» ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին՝ ընտրել Մարությանին, Կ. Քոչարյանը նշեց, որ իր համար պարզ էր ի սկզբանե, որ Փաշինյանը բավականին ակտիվ մասնակցելու է այս ընտրարշավին։ Նա նկատեց, որ Փաշինյանի առումով քարոզարշավի մեկնարկը տրվել է դեռ օգոստոսի 17-ին, և ամբողջ նախընտրական արշավի ընթացքում Փաշինյանն ակտիվ կմասնակցի. «Ենթադրվում է, որ այդպես նույն Հայկի շանսերն ավելի մեծ կլինեն»։
Հարցին՝ անկախ նրանից, որ հասարակության մի մասն անձամբ Մարությանի թեկնածությանը բացասական է վերաբերվում, կընտրի՞ Փաշինյանի՛ ներկայացրած թեկնածուին, Կ. Քոչարյանը պատասխանեց. «Գիտեք, բնական է, յուրաքանչյուր թեկնածուին էլ հասարակության մի ստվար զանգված կարող է դեմ լինել, մի ստվար զանգված էլ՝ կողմ, մի ստվար զանգված էլ՝ ընդհանրապես չընդունել։ Աբսալյուտ ոչինչ չկա աշխարհում, բայց պարզ է, որ Փաշինյանի այն վարկանիշը, որ կա և որը օգոստոսի 17-ին փաստացի հաստատվեց՝ լցնելով հերթական անգամ հրապարակը, պարզ է, որ դա բավականին լուրջ դրական պլյուսավոր զոնա կբերի»։
Կ. Քոչարյանը չցանկացավ անդրադառնալ Մարությանի ելույթի վերաբերյալ ՀՀԿ-ական Վիգեն Սարգսյանի կոշտ արձագանքին. «Ես և՛ Վիգեն Սարգսյանի, և՛ Հայկ Մարությանի հետ մտերիմ եմ, թույլ տվեք չմեկնաբանել։ Միայն ընդհանուր կարող եմ ասել՝ ես ընդհանրապես չէի ուզենա, որ որևէ մեկը նման ձևով խոսի մյուսի հետ։ Ես կարծում եմ՝ ժամանակն է մի փոքր ավելի քաղաքական դաշտ տեղափոխվելու, տղայական «дурак, сам дурак» մակարդակից վեր կանգնենք և փորձենք։ Մի բուռ ազգ ենք, բոլորը բոլորին ճանաչում են, եթե սկսենք մեկս մյուսին մեղադրել, ով ում ինչի մեջ ասես կարող է մեղադրել։ Սրբեր չկան այս երկրում։ Դրա համար ավելի լավ է ճիշտ ձևով դա անել, այսինքն՝ անկախ նրանից, թե ով է այդ պահին ընդդիմություն։ Ընդդիմությունը պետք է քննադատի, բայց պետք է քննադատի ավելի ռեալ, իշխանությունն էլ նրա համար է, որպեսզի չհարձակվի ընդդիմության քննադատությունների վրա, այլ նստի բանակցությունների սեղանի շուրջ կամ փորձի ընկալել, թե ինչն է ընկալելի, որը ինչպես կարելի է անել, ինչքան ժամանակահատվածում, որտեղ են իրենք սխալվել, որովհետև որևէ ժամանակահատվածի ո՛չ ընդդիմությունը, ո՛չ իշխանությունն անթերի չեն։ Այստեղ խնդիրն ավելի շատ այն չէ, որ մեկը քննադատեց, մյուսը՝ պատասխանեց, այլ խնդիրը ոճի մեջ է, որն ինձ համար անընդունելի է երկկողմանի։ Մեր երկիրն այն իրավիճակում չէ, որ մեկս մյուսին քննադատենք՝ «и тебя сосчитали» տարբերակով»։
Կ.Քոչարյանի կարծիքով՝ Մարությանի ելույթն ընտրողների վրա էական ազդեցություն չի ունենա. «Ընտրարշավը դեռ չի էլ սկսվել, դեռ այնքան ջուր կհոսի այս ընթացքում։ Հասկանալի է, որ ՔՊ-ն լինելու է հատուկ ուշադրության կենտրոնում, բայց այնպես չի, որ մնացած ուժերն անտեսվելու են։ Ավագանու ընտրություններին մասնակցում են և՛ բավականին հին կուսակցություններ, և՛ բոլորովին նոր դեմքեր, դեռ այնքան բան կտեսնենք, հետաքրքիր իրադարձություններ կլինեն, որ սրա մասին 5 օր հետո բոլորը կմոռանան»։