«ՀՀ-ի իշխանությունները լրջորեն պետք է մտածեն այս հնարավորությունն օգտագործելու համար»

Հայաստանի համախառն ներքին արդյունքը տարվա վերջում կարող է 7-8% աճ արձանագրել: Այս մասին այսօր հայտարարեց «Եվրասիական փորձագիտական ակումբ»-ի կոորդինատոր Արամ Սաֆարյանը: Ակումբի փորձագետներն ամփոփել են ԵԱՏՄ անդամակցության համատեքստում` Հայաստանի 2018թ. 1-ին կիսամյակի տնտեսական տվյալները:

«Մենք մայիս ամսին խոսեցինք և ասացինք, որ դեռևս հունվարին Եվրասիական փորձագիտական հանձնաժողովի փորձագետները Հայաստանի համար կանխատեսել էին ՀՆԱ-ի 3.2% աճ, համաշխարհային բանկը տարվա կեսին 3-3.5% աճ էր կանխատեսում: Հիմա այդ ցուցանիշները վերանայված են. Հայաստանի կառավարությունը կարծում է, որ տարվա վերջում հնարավոր է արձանագրել ՀՆԱ-ի առնվազն 4.5% աճ: Մենք ասում ենք, որ այդ ցուցանիշը կլինի ոչ միայն 4.5-6%, այլ նաև դրական միտումների շարունակականության պայմաններում կարող ենք ակնկալել 7-8% աճ»,- ասաց Սաֆարյանը:

«Եվրասիական փորձագիտական ակումբ»-ի անդամների խոսքով` Հայաստանի տնտեսության վրա բացասական չի կարող անդրադառնալ անգամ ռուսական ռուբլու արժեզրկումը:

«ՌԴ-ում տեղի ունեցող անբարենպաստ գործընթացները միայն ուժեղացնում են Ռուսաստանի տնտեսությունը` ստիպելով նրան լրջորեն մտածել ներկրումը սեփական արտադրությամբ փոխարինելու մասին, լիբերալների փոխարեն ավելի ակտիվանում են պետականամետներն ու նրանց կողմնակիցները: Սա սկզբունքորեն նշանակում է, որ մեր տնտեսական համագործակցության համար բացվում է կայուն զարգացման հնարավորություն: ՀՀ-ի իշխանությունները լրջորեն պետք է մտածեն այս հնարավորությունն օգտագործելու համար»,- նշեց Սաֆարյանը:

Հայաստանի տնտեսությունը կարող է զարգանալ նաև ակտիվ ներդրումների հաշվին, սակայն դրա համար, Կառավարության նկատմամբ վստահության բարձրացումից բացի, նաև այլ գործոններ են պետք:

«Առաջին ցուցանիշը, որ նայում են ներդրումների համար, երկրում կոռուպցիայի մակարդակն է: Այդ պատճառով էլ Վրաստանում ներդրումներն ավելի շատ, քան Հայաստանում: Մենք էլ պետք է խնդիր դնենք, որպեսզի հայտնվենք կոռուպցիայի առումով 50 մաքուր երկրների շարքում»,- նշեց Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թավադյանը:

Եվրասիական փորձագիտական ակումբի անդամները առաջիկայում պատրաստվում են տնտեսության զարգացման առաջարկություններով դիմել Հայաստանի կառավարությանը:

Տեսանյութեր

Լրահոս