Լսեք օրգանիզմին՝ հասկանալու համար, թե ինչ է նրան անհրաժեշտ
Բերանում հաճախ եք չորություն զգում, բայց առանց դրան ուշադրություն դարձնելու՝ պարզապես հագեցնո՞ւմ եք ծարավը: Estet-portal.com-ի հաղորդմամբ՝ այսպիսի վարվելակերպը կարող է իսկապես վնասել առողջությանը, քանի որ օրգանիզմը հաճախ է ազդանշաններ ուղարկում, որոնք հնարավորություն են տալիս ժամանակին հասկանալ խնդիրն ու հոգ տանել առողջական վիճակի մասին:
Ճաքեր շուրթերին և փառ լեզվին
Շուրթերին ճաքեր նկատելու դեպքում ուշադրություն դարձրեք՝ արդյոք առկա են մազաթափություն և կենտրոնանալու դժվարություններ: Այս ախտանշանների համադրությունը վկայում է վիտամին B2-ի անբավարար մակարդակի մասին: Սննդակարգ ներառեք սոյա, կաթ, ձու, ծաղկակաղամբ, կեֆիր, լոլիկ:
Լեզվին սպիտակ փառի առկայությունը վկայում է վատ սնվելու կամ մրսածության մասին, իսկ եթե սպիտակ ֆոնին լեզվի ծայրերին առկա է նաև կարմրածություն, խնդիրը կարող է գաստրիտը լինել:
Եթե փառը մոտ է մոխրագույնին, ուշադրություն դարձրեք նյութափոխանակության համակարգի օրգանների աշխատանքին:
Եթե այս ամենն ուղեկցվում է մաշկի չորությամբ և շուրթերի այտուցվածությամբ, օրգանիզմին չի բավարարում երկաթի մակարդակը: Սննդակարգ ներառեք խնձոր, ցիտրուսային մրգեր, ձուկ, լյարդ, որոշ ժամանակով հրաժարվեք սուրճից:
Ուշադրություն դարձրեք բերանի խոռոչի վիճակին
Սթրեսային իրավիճակներում բերանում չորություն զգալը նորմալ է: Եթե պարբերաբար այսպիսի զգացում եք ունենում, այն ուղեկցվում է գրգռվածությամբ, ամենայն հավանականությամբ օրգանիզմը բավարար քանակով նիկոտինային թթու չի ստանում: Սննդակարգ ներառեք թռչնամիս, ընդեղեն, տավարի միս: Բերանում չորության զգացումը կարող է վկայել նաև շաքարային դիաբետի մասին:
Բերանում տհաճ հոտի առկայությունը կարող է վկայել մի խումբ առողջական խնդիրների մասին, այդ թվում՝ լյարդի հետ կապված խնդրի, քրոնիկ բրոնխիտի, ատամների և լնդերի հիվանդությունների մասին:
Կոպերի այտուցվածություն
Այս խնդիրը դեպքերի մեծամասնությունում վկայում է երիկամների խնդիրների մասին:
Եթե առկա է տհաճ զգացողություն վառ լույսի դեպքում, հյուծվածություն, մաշկի չորութուն, հարկավոր է ուշադրություն դարձնել վնասակար սովորություններին: Հրաժարվեք ծխախոտից և ալկոհոլից: Եթե վնասակար սովորություններ չունեք, այս ախտանշանները կարող են վկայել ալերգիայի մասին:
Վառ լույսի դեպքում անհարմարության զգացումը շատ դեպքերում վկայում է A վիտամինի անբավարար մակարդակի մասին: Սննդակարգ ներառեք պանիր, գազար, լոլիկ:
Բշտիկներ դեմքին
- Դեմքին մանր, կարմրավուն բշտիկների առկայությունը կարող է վկայել թոքերում լորձի կուտակման մասին:
- Թարախով լցված բշտիկների առաջացումը կարող է կապված լինել աղիների խնդիրների հետ:
- Քունքերի հատվածում բշտիկների առաջացումը խոսում է լյարդի և ենթաստամոքսային գեղձի խնդիրների առկայության մասին:
- Գլխի հատվածում և ճակատին առաջացող բշտիկները կարող են վկայել որովայնի հետ կապված խնդիրների մասին:
Մաշկի թեփոտում և լիմֆատիկ հանգույցների մեծացում
Ձմեռային եղանակին մաշկի թեփոտումը նորմալ է և կապված է ջերմաստիճանի անկման հետ: Մյուս դեպքերում այս երևույթը կապված է A և B2 վիտամինների անբավարար մակարդակի հետ: Լիարժեք սննդակարգը կօգնի ազատվել մաշկային խնդիրներից: Եթե թեփոտումն ուղեկցվում է նաև քորով, դիմեք մասնագետի. ամենայն հավանականությամբ, խնդիրը սնկային վարակն է:
Լիմֆատիկ հանգույցների մեծացումը վկայում է օրգանիզմում բորբոքային գործընթացների մասին, ինչը չի կարելի անուշադրության մատնել: Այդ դեպքում խնդիրը կարող է ավելի խորանալ:
Այտուցներ
- Արթնանալուց անմիջապես հետո դեմքին այտուցների առկայությունը կարող է վկայել երիկամների առողջության հետ կապված խնդիրների մասին: Սովորաբար դրանք երեկոյան արդեն անհետանում են:
- Երեկոյան ժամերին որովայնի հատվածում այտուցների առկայությունը սովորաբար վկայում է սրտի հետ կապված խնդիրների մասին, հատկապես, երբ ուղեկցվում է շնչահեղձությամբ և շուրթերի այտուցվածությամբ:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը