«Քաղաքացիական պայմանագիր»-ը Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի «Իմ քայլը» դաշինքով
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին կմասնակցի «Իմ քայլը» դաշինքի կազմում: Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանը:
««Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի մեջ են մտնում ՔՊ-ն, «Առաքելություն» կուսակցությունը, ինչպես նաև հեղափոխությանը մասնակցած անհատներ: Դաշինքն ընրություններում գլխավորելու է ՔՊ անդամ, դերասան և պրոդյուսեր Հայկ Մարությանը»,- ասաց Կոստանյանը:
Վահան Կոստանյանի խոսքով` «Իմ քայլը» թույլ է տալիս հեղափոխական ամբողջ թիմի ներգրավում ապահովել:
«Այս ընտրություններում հանդես ենք գալիս որպես հեղափոխություն իրականացրած թիմ: Մենք չենք դիտարկում ոչ մեկին որպես մրցակից, այլ շարունակում ենք մեր հաղորդակցումը քաղաքացիների հետ: Հանրությունը շատ լավ է ճանաչում մեր քաղաքական թիմին: Երբ ծանոթանա նաև «Իմ քայլը» դաշինքի ծրագրին, կհասկանա, որ մեր թիմն է կոմպետենտ ստանձնել Երևանի կառավարումը»,- ընդգծեց կուսակցության խոսնակը:
«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին կմասնակցի 170 հոգանոց ցուցակով: