«Ամեն ինչ անելու ենք, որ ունենանք ավելի էժան գազի գին, քան այսօր ունենք». նախարար

«Որևէ լարվածություն հայ-ռուսական հարաբերություններում գազի գնի վերաբերյալ չունենք, և կարծում եմ՝ չենք էլ ունենա»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե հայ-ռուսական հարաբերությունների լարված իրավիճակը կարո՞ղ է ազդել գազի գնի վրա:

«Հիմնականում գազի գնի վերաբերյալ բանակցությունները երկրների առաջին դեմքերն են վարում, և այս պահին որէ բանակցություն չկա, բայց տարեվերջին լրանում է համաձայնագիրը, և բնական է՝ համապատասխան բանակցություններ կլինեն, ձգտելու ենք ավելի էժան գազ ստանալ: Մենք ամեն ինչ անելու ենք, որ ունենանք ավելի էժան գազի գին, քան այսօր ունենք։ ՀՀ կառավարությունը ամեն ինչ անելու է, որ ավելի էժան տարբերակ ունենա»,- ասաց նա:

Անդրադառնալով իրանական կողմի հետ բանակցություններին, Արթուր Գրիգորյանն ասաց, որ հայկական կողմից քայլ արվել է, որ իրանական կողմից գազի գնի մասով առաջարկություն լինի, սակայն, ըստ նախարարի՝ առայժմ չկա այդ առաջարկությունը. «Բայց ամենօրյա ռեժիմով համագործակցության մեջ ենք, քանի որ էլեկտրաէներգիայի դիմաց գազ ենք ներկրում, և կարծում եմ՝ շուտով կունենանք վերջնական հայտարարված գինը, որը համեմատության մեջ կլինի ռուսական գազի գնի հետ»։

Ինչ վերաբերում է այն հարցին, որ գազի գինը սահմանին այլ է, իսկ սպառողին բոլորովին այլ գնով է հասնում, նախարարն ասաց, որ ՀՀ-ում գազը սահմանի վա ձեռք են բերում 150 դոլարով, ՀՀ ներսում վաճառք է իրականացնում միջինացված շուրջ 255 դոլար, և դրանից 47 դոլարը ավելացված արժեքի հարկն է: Նա նշեց, որ գազի սպառողների շուրջ հինգ օղակ կա, և սովորական սպառողը վերջին օղակն է: Նա նշեց, որ պետք է հաշվել նաև ծախսերը, որ հազար խորանարդ մետր գազի համար նախատեսված ծախսը կազմում է շուրջ հիսուն դոլար: «Չեմ կարող ասել՝ հիմնավոր է, թե ոչ, ՀԾԿՀ-ն դրա պատասխանը պետք է տա»։

Տեսանյութեր

Լրահոս