
«Եթե այս որոշումը ուժի մեջ մտնի, մենք լուրջ խնդիր կարող ենք ունենալ». Մարուքյանը՝ բեռնատարներով ցորենի ներկրումն արգելելու Վրաստանի կառավարության որոշման մասին

ԱԺ պատգամավորները մտահոգված են Վրաստանի կառավարության որոշմամբ, համաձայն որի՝ սեպտեմբերի 15-ից Վրաստանի տարածքում արգելվելու է բեռնատարներով ցորենի ներկրումն ու տեղափոխումը: ԱԺ արտահերթ նիստի ընթացքում խնդրի վերաբերյալ մտահոգություն հայտնեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Վրաստանում սեպտեմբերի 15-ից կառավարության որոշում է ուժի մեջ մտնելու, որի համաձայն հացահատիկն այլևս չի կարող Հայաստան ներկրվել վերգետնյա տրանսպորտով: Ես խոսել եմ տրանսպորտային ընկերությունների ղեկավարների հետ: Իրենք իրենց հաշվարկներով ասում են, որ տոննայի մեջ 50 դոլարով կթանկանա ցորենը, եթե միայն Փոթիով գա: Մենք եղբայրական պետություններ ենք, և ես կարծում եմ, որ Հայաստան-Վրաստան բարեկամական խումբը պետք է զբաղվի այս հարցով: Եթե այս որոշումը սեպտեմբերի 15-ին ուժի մեջ մտնի, մենք լուրջ խնդիր կարող ենք ունենալ: Հացն առանց այդ էլ թանկացել է Ռուսաստանում ցորենի թանկացման հիմքով, իսկ հիմա կարող է կրկին թանկանալ՝ արդեն Վրաստանում բեռնատարներով ցորենի տեղափոխումն արգելելու հիմքով: Ես կոչ եմ անում կապվել Վրաստանի մեր գործընկերների հետ և փորձել խնդիրը կարգավորել խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում»,- ասաց Մարուքյանը:
Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ մինչև սեպտեմբերի 15-ը պաշտոնական այց են ունենալու Վրաստան: «Պատվիրակության կազմում ընդգրկված կլինեն բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Խորհրդարանը, իհարկե, իր լիազորությունների շրջանակում ամեն ինչ կանի, սակայն, կարծում եմ, որ այստեղ ավելի շատ անելիք ունի մեր հարգարժան կառավարությունը»,- ասաց Շարմազանովը:
ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանն ընդգծեց, որ Վրաստանի կառավարության որոշմամբ այդ երկրի տարածքում ևս արգելվելու է բեռնատարներով ցորենի փոխադրումը, ինչի հետևանքով Վրաստանում էլ բեռնափոխադրողները խնդիրների առաջ են կանգնել:
«Վրաստանում էլ, փաստորեն, հացահատիկը մեկ տոննայի մեջ 40 դոլարով թանկանում է: Ստացվում է, որ այնտեղ էլ անհասկանալի իրավիճակ է առաջացել: Ես խոսել եմ Վրաստանի խորհրդարանում իմ գործընկերների հետ, առաջիկա նիստի ընթացքում այդ հարցը բարձրացվելու է, և փորձելու են բացատրություն ստանալ Վրաստանի կառավարությունից, թե ինչու են այսպիսի որոշում կայացրել, որը թե Վրաստանի, թե Հայաստանի բեռնափոխադրողների համար այդքան մեծ խնդիր է առաջացրել»,- ասաց Թորոսյանը: