Բաժիններ՝

Մալաթիա-Սեբաստիայի սոցիալական ապահովության տարածքային բաժնի 3 աշխատակցի ապօրինի վարձատրություն ստանալու մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործերով առերևույթ չարաշահումներ են բացահայտվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի սոցիալական ապահովության տարածքային բաժնում. մեղադրանք է առաջադրվել 5 անձի։

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, նախնական քննության տվյալներով՝ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակներում նպաստառուների օգտին գործողություններ կատարելու, այն է՝ օրենքով նախատեսված նպաստների հատկացումը չդադարեցնելու համար նպաստառուներից տարածքային բաժնի առանձին աշխատակիցների կողմից պահանջվել է գումար։

Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքերի առթիվ հարուցվել է երկու քրեական գործ, որոնցով կատարված քննության ընթացքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից 5-ի ինքնությունը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա երկու անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312.1-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու համար, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի սոցիալական ապահովության տարածքային բաժնի երեք աշխատակցի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 1-ին մասով ՝ ապօրինի վարձատրություն ստանալու համար։ Վերջիններս հարցաքննվել են և ցուցմունք տվել՝ դեպքի շուրջ։

Քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, առերևույթ հանցավոր այլ դրվագների վերաբերյալ ստացված տվյալներն ստուգելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս