
Հայ հրաձիգները կմասնակցեն Աշխարհի առաջնությանը

Հայ հրաձիգները օգոստոսի 29-ին առավոտյան 10:00 կմեկնեն Կորեայի Չանգվոն քաղաք` մասնակցելու «Աշխարհի 52-րդ առաջնությանը»:
Հրաձգության բոլոր մրցաձևերից անցկացվող «Աշխարհի առաջնությունը» տեղի է ունենում 4 տարին մեկ՝ օլիմպիական խաղերի միջակայքում: Այս մրցմանը հրացան և ատրճանակ ձևերից յուրաքանչյուրում կխաղարկվի 6 ուղեգիր, որը իրավունք կտա մասնակցելու Օլիմպիական խաղերին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ հրաձգության հավաքականից, մրցույթին կրակելու են 10մ և 50մ հեռավորություններից՝ հրացան, ատրճանակ և վազող թիրախ զենքաձևերից, որին մասնակցում է 1000-ից ավելի մարզիկ:
Հայաստանից կմասնացի 11 մարզիկ` հրացան զենքաձևից՝ Հրաչիկ Բաբայանը, Քրիստիան Լաուերը, Հայկ Բաբայանը, Իրինա Լաուերը (Աղաջանյան), Ալլա Պողոսյանը, ատրճանակ զենքաձև՝ Նորայր Առաքելյանը, վազող թիրախ զենքաձև՝ Հովհաննես Մարգարյանը,Լիլիթ Մկրտչյանը,Գոհար Վարդանյանը ,Սաթենիկ Մեժլումյանը և Արուսյան Գրիգորյանը:
ՀՀ հրաձգության հավաքականը կմասնակցի «Աշխարհի առաջնությանը» գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի մարզչական ղեկավարությամբ: Հայաստանի հավաքականը կազմված է Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի և Գյումրու քաղաքպետարանի հրաձգության մարզադպրոցի սաներից:
Հավաքական թիմը հայրենիք կվերադառնա սեպտեմբերի 13-ին: